Ակնեի մասին՝ մաշկաբան-կոսմետոլոգ Ամալյա Հարությունյանի հետ
Medclub clinic -ի մաշկաբան-կոսմետոլոգ Ամալյա Հարությունյանի հետ հարցազրույցի թեման կորյակային հիվանդությունն է (ակնե)։
- Ի՞նչ հիվանդություն է ակնեն։
- Ակնեն մաշկի ճարպաբջջանքի բորբոքային, խրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է ճարպագեղձերի կողմից ճարպի գերարտադրություն, մազերի ֆոլիկուլների և ճարպագեղձերի խցանում և բակտերիալ վարակի միացում, որն արտահայտվում է մաշկի բորբոքային ցանավորմամբ։
- Հիմնականում ո՞ր տարիքային շրջանում է հանդիպում, և ու՞նի, արդյոք, սեռային տարբերություն։
– Ակնեն հանդիպում է և՛ կանանց (10-17 տ.), և՛ տղամարդկանց (14-19 տ.) մոտ: Տարբերությունն այն է, որ տղամարդկանց մոտ հաճախ գործընթացը կրում է ծանր ընթացք։ Սակայն ակնե կարող է առաջանալ նաև նորածինների, մանկահասակ երեխաների և հասուն տարիքի մարդկանց շրջանում:
- Ակնեի առաջացման ի՞նչ պատճառներ կան։
1. Հորմոնալ խանգարումները։ Ճարպարտադրության գործընթացը կարգավորվում է որոշ սեռական հորմոններով՝ անդրոգեններով, տեստոստերոնով և այլն։ Էնդոկրին որոշ հիվանդությունների, տեստոստերոն փոխարինող թերապիաների, մակերիկամների, հիպոֆիզի հիվանդությունների, սեռական հասունացման, ձվարանների պոլիկիստոզի, հղիության և արհեստական ընդհատումների ժամանակ նշված հորմոնների քանակն արյան մեջ կարող է բարձրանալ, և նպաստել ճարպագեղձերի ու քրտնագեղձերի ակտիվությանը: Այս գործընթացների արդյուքում արտադրվում է մեծ քանակությամբ մաշկային ճարպ, որն էլ կուտակվում է՝ առաջացնելով բորբոքային տարրեր՝ պզուկներ, հանգույցներ և թարախաբշտիկներ, որոնք կարող են վերածվել կիստաների։
2. Ժառանգականության գործոնը։ Ակնեի առաջացման պաթոգենեզում կարևոր դեր է կատարում գենետիկ նախատրամադրվածությունը, այդ պատճառով հաճախ դիտվում են ընտանեկան դեպքեր:
- Հնարավո՞ր է ակնեն վերջնականապես բուժել:
- Այո՛, շատ են դեպքերը, երբ ավարտում ենք ակնեի բուժումը և բուժառուի մոտ բարդություններ չեն դիտվում։ Սակայն կան դեպքեր, երբ բարդություններ են առաջանում նույնիսկ բուժման ավարտից հետո։ Այս փաստը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ բուժառուն ունի կորյակները «սեղմելու» սովորություն:
- Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ ակնեի դեպքում։
Նույնիսկ, երբ ունենք պարզապես ճարպոտ մաշկ՝ առանց ակնեի դրսևորման, ապա պետք է սկսել մաշկի ճիշտ խնամք՝ ընտրելով մաշկը ճարպազերծող լվացվելու գելեր և քսուքներ: Անտեսելու դեպքում բարդություններ առաջանալու հավանականությունը մեծ է, որի պարագայում բուժումը դժվարանում է։ Բարդությունները կարող են դրսևորվել պիգմենտացիայի, սպիների, ընդհուպ մինչև սպիների տեղում մազերի բացակայության տեսքով։
- Ինչպե՞ս բուժել:
Բուժումը դեղորայքային է, անհրաժեշտության դեպքում՝ գործիքային եղանակով (հիմնականում բարդությունների առկայության դեպքերում): Բուժումը կարող է լինել տեղային և համակարգային։ Կախված բուժառուի կյանքի և հիվանդության անամնեզից (տարիք, ուղեկցող հիվանդություններ, ակնեի բարդության աստիճան)՝ ընտրվում է տվյալ բուժառուի համար բուժման լավագույն տարբերակը։
- Ի՞նչ անել, երբ ակնեից հետո հետքեր կամ սպիներ են մնացել։
- Ակնեի բուժման ավարտին մաշկի անհարթությունների, պոստակնե հետքերի, սպիների բուժման լավագույն մեթոդներից է մաշկի հարթեցումը CՕ2 լազերի միջոցով։ Մաշկի որակը բարելավելու համար կիրառվում է բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, պլազմոթերապիա։ Պետք է չմոռանալ տնային խնամքի մասին, որն ընտրվում է ըստ մաշկի տեսակի և խնդրի ծանրության աստիճանի, ինչը շատ կարևոր է բուժման ընթացքի և լավագույն արդյուք ստանալու համար:
Հարցազրույցը վարեց՝ Անի Մաթևոսյանը