Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ

2024/04/02

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող մարդու մոտ առաջացնում է անբավարարության, անապահովության, անլիարժեքության և, նույնիսկ, ամոթի զգացումներ:

Ի՞նչ է սեռական համեմատության կողմնակալությունը

Սեռական համեմատական կողմնակալությունը վերաբերում է սեփական սեռական ակտիվությունը թերագնահատելու և ուրիշիներինը՝ գերագնահատելուն։ Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած այն համոզմունքից, որ բոլոր մարդիկ (բացի իրենից) ավելի հաճախ կամ գոհունակ են սեքսով զբաղվում, մինչև հասարակության ընկալվող նորմերին չհամապատասխանելու զգացողությունը:

Սեռական համեմատության կողմնակալության պատճառները

  • Մեդիա և հեռուստատեսություն։ Սեռական կյանքի իդեալականացված և հետաքրքիր պատկերները (շոու, գովազդ, ֆիլմ, սոցիալական մեդիա) առաջացնում են անիրատեսական ակնկալիքներ, որոնք իրականում ճնշում են գործադրում մարդու սեքսուալության և հոգեբանության վրա։
  • Սոցիալական նորմեր։ Սեռական կյանքին առնչվող հասարակական նորմերն ու ակնկալիքները կարող են առաջացնել անբավարարության զգացողություններ։
  • Հասակակիցների ազդեցությունը: Տարբեր մարդկանց հետ զրույցներն ու նրանց հետ սեռական փորձի համեմատությունը կարող է առաջացնել թերարժեքության կամ կորցնելու վախի զգացողություն:

Սեռական համեմատության կողմնակալության ազդեցությունները

  • Ցածր ինքնագնահատական։ Սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ կարող է բացասական ազդել մարդու ինքնագնահատականի ու ինքնավստահության վրա:
  • Հարաբերությունների լարվածություն։ Սեռական համեմատության կողմնակալությունը զույգերի ռոմանտիկ հարաբերություններում լարվածության և դժգոհության առիթ կարող է դառնալ։
  • Անհանգստություն։ Սեռական չափանիշներին չհամապատասխանելու վախը կարող է հանգեցնել անհանգստության, սեռական ցանկության և հաճույքի անկման:
  • Ռիսկային վարքագիծ։ Երբեմն անիրատեսական ակնկալիքները բավարարելու նպատակով մարդիկ կարող են դրսևորել ռիսկային սեռական վարքագիծ (անպաշտպան սեռական կապ, բազմաթիվ զուգընկերներ), ինչը վտանգավոր հետևանաքներ կարող է ունենալ։

Ինչպե՞ս հաղթահարել սեռական համեմատության կողմնակալությունը

  • Հիշե՛ք․ սոցիալական մեդիայի «սեքս»-ը իրականությանը չի համապատասխանում։
  • Կենտրոնացե՛ք սեռական հարաբերության որակի, ոչ թե քանակի կամ հաճախականության վրա։
  • Սեռական հարաբերություններում առաջնահերթություն տվե՛ք մտերմությանն ու փոխադարձ բավարարվածությանը:
  • Կարևորե՛ք բաց հաղորդակցությունը, որի միջոցով Ձեր զույգի հետ զգացեք միմյանց սեռական ցանկությունները, պահանջներն ու ակնկալիքները։
  • Ընդունեք Ձեր անհատականությունը և մտաբերեք Ձեր իսկ սեքսուալության այն կողմերը, որոնք գոհունակություն և բավարարվածություն են պատճառում Ձեզ։
  • Դիմե՛ք մասնագետի աջակցության, երբ դրա կարիքը լինի։

Ամփոփելով՝

Սեռական համեմատական կողմնակալությունը ժամանակակից սեքսուալության գերակշռող, բայց հաճախ անտեսված ասպեկտն է: Հասկանալով դրա պատճառներն ու ազդեցությունները, կարող եք տարբերել այն անիրատեսական ակնկալիքները, որոնք թաքնված են կողմնակալության տակ։ Սա կօգնի Ձեզ զարգացնել ավելի կարեկից ու համապատասխան մոտեցում սեռական հարաբերությունների և զույգի նկատմամբ…