Ինչպե՞ս են սեռական հաճույքն ու մտերմությունը փոխվում

2025/06/20

Սեռական հաճույքն ու մտերմությունը կյանքի տարբեր փուլերում նույնը չեն պահպանվում: Այն, ինչը երիտասարդ տարիքում սուր զգացողություն է առաջացնում, տարիքի հետ այդ զգացողության և հաճույքի դրսևորման համար պահանջվում է հոգեկան կապ, վստահություն ու խորը ընկալում։ Այս մոտեցումը բնական է, քանի որ մարդու մարմինը, հորմոնալ համակարգը, ապրումները և հարաբերությունները ժամանակի ընթացքում փոխվում են։


Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվում տարիքի հետ` մեր կյանքում:


Կենսաբանական փոփոխություններ։ Տարիքի հետ տղամարդու և կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք հորմոնալ փոփոխություններ: Տղամարդու մոտ տեղի է ունենում տեստոստերոնի աստիճանական նվազում կամ անդրոպաուզա, իսկ կնոջ մոտ էստրոգենի անկում և դաշտանադադար։ Այս փոփոխությունները ուղղակիորեն ազդում են տղամարդու և կնոջ սեռական ցանկության, գրգռման, օրգազմի ինտենսիվության և ֆիզիկական հաճույքի վրա։


Սեռականությունը անցում ֆիզիկականից` հոգեկան։ Երիտասարդ տարիքին բնորոշ է ֆիզիկական քիմիայի ուժը։ Երիտասարդները սեքսը դիտարկում են որպես էներգիայի, հաճույքի և ինքնահաստատման միջոց։ Տարիքի հետ այդ հաճույքը համադրվում է հոգեկան կապի, վստահության, բաց ու անկեղծ հաղորդակցության հետ։ Այս փուլում սեռական կապը դառնում է ո՛չ միայն մարմնական, այլև հոգեկան կապի արտահայտություն։


Ցանկությունների փոփոխություն։ Տարիքի հետ փոխվում են ո՛չ միայն հորմոնները, այլև՝ սեռական խթանիչները։ Օրինակ. մարդիկ ավելի հաճախ են փնտրում նրբություն, քնքշություն, նոր զգացողություն և հաճույք։ Զուգընկերոջ շունչը, հայացքը, հանգստությունն ու լռությունը դառնում են սեքսուալ։ Սա է պատճառը, որ այդ տարիքում առավել ընկալունակ են նորաձև սեռական մշակույթների նկատմամբ, օրինակ՝ գիտակցված սեքսը, տանտրիկ սեքսը, սեռական մեդիտացիան և այլն։


Հարաբերությունների խորացում։ Երկարաժամկետ հարաբերություններում սեռական կյանքը նույնպես փոխվում է։ Սկզբնական կրքոտությունը կարող է նվազել և փոխարինվել խորն ու վստահելի մտերմությամբ։ Այդ մտերմությունն, ինքնին, դառնում է նոր սեռական գրգիռ, քանի որ գնահատված, ընկալված ու ընդունված լինելու դեպքում մարմնի սեռական արձագանքը նույնպես հեշտ ու հաճելի է։


Սեռական աճ։  Անկախ տարիքից, մարդու սեռական աճը ցմահ չի դադարում, և նա միշտ կարող է վերագտնել իր սեռական հաճույքը։ Դրա համար պահանջում է ինքնաճանաչողություն, ցանկությունների գիտակցում, բաց հաղորդակցություն, սեռական հաճույքի ճիշտ ընկալում և այլն։


Ամփոփելով.
Սեռական հաճույքը շարունակաբար ձևափոխվում է՝ կախված մարմնի, ուղեղի, զգացմունքների և հարաբերությունների զարգացումից։ Տարիքի հետ այն դառնում է ավելի խորը, իմաստալից և հաճելի։ Իրականում նման փոփոխությունը պետք է կորուստ չհամարել, այլ` փոխակերպում։ Սեռական հաճույքի և մտերմության այս փոխակերպման հիմնական պայմաններից են՝ ազատությունը, հաղորդակցությունը և ինքնաճանաչումը: