Կնոջ սեռական բավարարվածությունը զույգերի հարաբերության պահպանման բանալին է
Հետերոսեքսուալ հարաբերություններում հենց կանանց սեռական գոհունակությունը ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ թե՛ հարաբերության պահպանման, թե՛ ընդհանուր բավարարվածության վրա։
Ինչո՞ւ է կնոջ սեռական բավարարվածությունը համարվում զույգերի հարաբերության կայունության ամենակարևոր գործոնը:
- Կնոջ սեռական բավարարվածությունը հարաբերության երկարատևության կանխատեսող գործոն է ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդհանուր հարաբերության բավարարվածությունը հաճախ ավելի սերտ կապված է կնոջ սեռական բավարարվածության հետ, քան տղամարդկանց։ Պատճառը կնոջ սեռական բավարարվածության կապվածությունն է նրա հուզական կապի, ապահովվածության և մերձեցման ընկալումների հետ։ Ինչքան բարձր է այդ բավարարվածության մակարդակը, այդքան մեծ է կնոջ պատրաստակամությունը հարաբերության առջև ծառացած խնդիրները լուծելու, համբերելու և այն պահելու ցանկությունը։
- Կինը հաճախ ձևավորում է հարաբերության հուզական կողմը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հարաբերության հուզական դաշտը (զգացմունքային կապ, էմոցիոնալ էներգիա, հավասարակշռություն, լարվածություն, պատասխանատվություն, ազդեցություն․․․) ավելի շատ կախված է կնոջ ապրումներից և զգացմունքերից։ Քանի որ կնոջ սեռականությունը սերտորեն կապված է հուզական դաշտի հետ, հետևաբար սեռական բավարարվածությունը «շղթայական» ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր հարաբերության վրա։
- Կնոջ սեքսուալությունը ավելի բազմաչափ է։
Կնոջ սեքսուալությունը միայն մարմնական արձագանք չէ, այն միաժամանակ հոգեբանական, հուզական ու հարաբերության գործընթաց է։ Եթե տղամարդուն գրգռվելու և բավարարված լինելու համար հաճախ բավական է ֆիզիոլոգիական ազդակը, ապա կնոջ սեռական ցանկությունն ու բավարարվածությունը մեծապես կախված են վստահությունից, ապահովությունից, սիրված լինելու զգացումից։ Այս բազմաչափությունը նշանակում է, որ երբ կինը բավարարված է սեռական կյանքում, նա իրեն զգում է ընկալված, սիրված, գնահատված ու ցանկալի։ Այդ ժամանակ նա դառնում է ավելի ջերմ, բաց ու մտերիմ։ Իսկ նման վիճակը ուժեղացնում է զույգերի կապն ու հարաբերությունը։
- Կինը չի կարևորում սեռական կյանքում հաճախականությունը, այլ որակը։
Տղամարդու համար սեռական հարաբերության հաճախականությունը կարևոր ցուցանիշ է, իսկ կնոջ համար հարաբերությունում կարևոր են՝ որակը, նրբությունը, ուշադրությունը, հոգատարությունը, հուզականությունը ևայլն։ Հետևաբար նույնիսկ նորմալ հաճախականության, բայց վատ որակի դեպքում բավարարվածությունը կնվազի առաջին հերթին կնոջ մոտ, պատճառ դառնալով հարաբերությունների սառնությանը։
- Կնոջ սեռական անբավարարվածությունը արտահայտվում է հարաբերության բոլոր շերտերում։
Կնոջ սեռական բավարարվածության նվազումը առաջին հերթին արտահայտվում է ոչ թե սեռական կյանքում, այլ նրա վերաբերմունքում։ Նա սկասում ուժեղ արձագանքել մանրուքներին, պակասում է ջերմությունն ու հուզականությունը։ Սա գիտականորեն բացատրվում է նրանով, որ կնոջ սեռականությունը սերտորեն կապված է օքսիտոցինային համակարգի, անվտանգության և մտերմության զգացողության հետ։ Երբ այդ համակարգը բավավարար ակտիվ չէ (անբավարարվածություն, պակաս մերձեցում), կնոջ մոտ իջնում է հուզական ներդրման կարողությունը և աճում է լարվածությունը։ Այսպիսով, սեռական անբավարարվածությունը դրսեվորվում է ոչ միայն սեքսուալ ոլորտում, այլ հարաբերությունում
- Կնոջ օրգազմը դրականորեն է ազդում հարաբերության վրա։
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կնոջ օրգազմը՝ մեծացնում է սերտության զգացումը, ուժեղացնում է վստահությունը, առաջացնում է ավելի կայուն հորմոնալ կապ (օքսիտոցին, պրոլակտին), բարձրացնում է երկարաժամկետ կապի ցանկությունը։ Այս հորմոնային և հոգեբանական լծակները հարաբերության պահպանման իրական կենսաբանական հիմքերն են։
Եզրակացություն։
Հետերոսեքսուալ հարաբերություններում կնոջ սեռականությունն ու բավարարվածությունը մեծապես կարող են լավացնել հարաբերության կայունությունը, փոխադարձ ջերմությունը, վստահությունը, երկարատևությունը և ընդհանուր բավարարվածությունը։ Կնոջ սեռական “ներդրումը” ավելի մեծ ազդեցություն ունի հարաբերության պահպանման և ընդհանուր երջանկության վրա, քան տղամարդունը։
