Մարիխուանա և սեռական հաճույք
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն արգելված են ԱՄՆ կառավարության կողմից։ ԱՄՆ-ի «Սննդամթերքի և դեղերի գործակալության» (FDA) կողմից կանեփն անվտանգ և արդյունավետ միջոց չի համարվում որևէ հիվադության դեպքում, սակայն FDA-ն հաստատել է կանեփից ստացված կամ արհեստականորեն սինթեզված կանաբինոիդների որոշ պատրաստուկներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի 31 նահանգ և Կոլումբիայի շրջանն օրինականացրել են բժշկական մարիխուանան: Մարիխունայի օրինականացումն օգտակար է գիտական շրջանակների համար` ուսումնասիրելու և վերլուծելու նրա հետևանքները, ներառյալ` ազդեցությունը սեռական կյանքի վրա: Սակայն սեռական ֆունկցիայի ուսումնասիրությունը բավականին դժվար է և մարիխուանայի ազդեցության մասին գիտական հավաստի ապացույցներ առայժմ չկան։
Ըստ Journal of Sexual Medicine ամսագրում հրապարակված՝ Միացյալ Նահանգներում «մարիխուանայի օգտագործման և սեռական հաճախականության միջև» հետազոտության, հարցմանը մասնակցել են 28,176 կին և 22,943, տղամարդ: Հարցվածների 20%-ի մոտ մարիխուանայի օգտագործումը նպաստում է սեռական հարաբերությունների հաճախականության աճին։ Կան այլ հետազոտության տվյալներ ևս, որոնց նպատակն է բացահայտել մարիխունայի ազդցությունը կնոջ օրգանիզմի վրա։ Այս հետազոտությունն իրականացվել է 133 սեռական ակտիվ կանանց շրջանում, որոնք լրացրել են մարիխուանայի օգտագործման վերաբերյալ հարցաշար։ Նրանց մոտավորապես 30%-ը մարիխուանա օգտագործողներ են, որոնց 68%-ի կարծիքով սեռական կյանքն ավելի հաճելի է դարձել, իսկ՝ 16%-ի մոտ վատթարացել է, մնացած 16%-ը փոփոխություն չի նկատել։
Ընդհանուր առմամբ, մարիխուանան մեծացնում է սեռական գրգռվածությունն ու գոհունակությունը կանանց մոտ։ Թեև այսպիսի ազդեցությունների պատճառը դեռ պարզ չէ, սակայն դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է սթրեսի և անհանգստության նվազումով։ Մարիխուանայի ազդեցությամբ դանդաղում է ժամանակի ընկալումը, երկարում է սեռական հաճույքի զգացումը, նվազում սեռական արգելքները և մեծանում ինքնավստահությունը։ Այս բոլորը տեղի է ունենում կանաբինոիդային ընկալիչի (CB1) միջոցով, որը հայտնաբերվել է սերոտոներգիկ նեյրոնների մեջ, ինչն ակտիվացնում է սեռական ֆունկցիան։
Այսպիսով, մարիխուանայի կարճաժամկետ ազդեցությունն ունի հակասթրեսային և թուլացնող ազդեցություն, իսկ երկարաժամկետ առումով մարիխուանան մեծացնում է ներքին անհանգստությունը, ինչով կարելի է բացատրել լիբիդոյի բացակայությունը մշտական օգտագործողների մոտ։ Մարիխուանան ունի նաև բացասական ազդեցություն՝ տղամարդու սերմնաբջիջների քանակի և որակի, էրեկտիլ ֆունկցիայի, ինչպես նաև կնոջ դաշտանային ցիկլի վրա։ Այլ ազդեցություններից են՝ կողմնորոշման, ուշադրության և կենտրոնացման խանգարումները, սրտխփոցը, պերիկարդիտը, փսիխոգեն ախտանշանները և այլն։ Շատ են նաև մարիխունայի կախյալության հետևանքով մահվան դեպքերը։
Մարիխուանայի օգտակարության և բժշկության մեջ կիրառման մասին դեռ բազմաթիվ փաստարկներ ու հակափաստարկներ կլինեն։ Բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ յուրովի կարող է նրան անվանել՝ հոգեմետ, թմրադեղ կամ պարզապես հաճույքի միջոց...