Ինչքա՞ն սպասել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար

2025/01/30

Ո՞րն է նոր զույգի հետ սեռական հարաբերություն ունենալու ճիշտ ժամանակը։  Որո՞նք են այդ հարաբերությունը հետաձգելու օգուտները կամ` ինչպե՞ս է սեռական ցանկությունը ազդում զույգերի միջև կապի ձևավորման վրա։

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկու ամսից ավելի սեռական հարաբերության սպասող զույգերը հաճախ ավելի գոհ են իրենց հարաբերություններից։ Սակայն, միաժամանակ, ուժեղ սեռական ցանկությունը նույնպես նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը։

 

Որո՞նք են սեռական հարաբերությունը հետաձգելու կանանց տեսակետները:

 

Կանայք տարբեր մոտեցումներ ունեն նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն սկսելու հարցում։ Ոմանք նախընտրում են սպասել, մինչև հարաբերությունը դառնա լուրջ և հավատարիմ, իսկ մյուսները գործում են ըստ «քիմիայի» և իրավիճակի։ Կանանց  մոտեցումներն այս հարցում տատանվում են՝ մի քանի ամիս սպասելուց մինչև հանդիպման առաջին ժամերին սեռական հարաբերություն ունենալը։ Նման որոշումը կախված է տղամարդու և կնոջ անձնական համոզմունքներից, հուզական պատրաստվածությունից և հարաբերության նպատակներից։

 

Որոն՞նք են սպասման առավելությունները:

 

Ըստ հետազոտությունների արդյունքների, սեռական հարաբերության հետաձգումը կարող է դրական ազդեցություն ունենալ հարաբերության որակի վրա։ Շերոն Սասլերի (Sassler et al., 2012) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արագ սեռական կապը` հատկապես կանանց մոտ, կարող է բացասական ազդել երկարաժամկետ հարաբերությունների և ամուսնական բավարարվածության վրա։ Վաղ սեռական կապը երբեմն խոչընդոտում է զույգերի փոխադարձ համապատասխանության գնահատմանը և հուզական կապի խորացմանը։ Իսկ երկու ամսից ավելի սպասման դեպքում զույգերն ունենում են ավելի կայուն և երկարաժամկետ հարաբերություններ։

 

Ինչպե՞ս է սեռական ցանկությունն ազդում հարաբերությունների ամրության վրա:

 

Չնայած սպասելու առավելություններին, ըստ Գուրիտ Բիրբաումի ուսումնասիրությունների (Gurit Birnbaum and colleagues, 2019), ուժեղ սեռական ցանկությունը խթանում է զույգերի կապը։ Որոշ մշակույթներում (օրինակ՝ Դանիա) պատահական սեռական հարաբերությունները հաճախ նախորդում են երկարատև և ամուր հարաբերությունների ձևավորմանը։ Իրավամբ, ֆիզիկական շփումն ամրապնդում է զույգերի հուզական կապերը, սակայն, միաժամանակ, շտապողականությունը կարող է բերել հիասթափության։

 

Մշակութային և անհատական տարբերություններ

 

Սեքսի նշանակությունը տարբեր է մարդկանց մոտ։ Օրինակ, «մեկանգամյա» սեռական հարաբերություն ունեցողների 27%-ի մոտ հաջորդիվ վերածվել է լուրջ հարաբերությունների։ Որոշ սոցիական ծանոթությունների հարթակների (Tinder) տվյալներով պատահական ծանոթությունների 25%-ը վերածվել է ամուսնական կապի։

 

Համբերությունը նպաստում է հարաբերությունների ճիշտ զարգացմանը, մինչդեռ անիմաստ ուշացումը երբեմն կարող է վնասակար լինել։ Այս հարցում կանոններ չկան, ամենակարևորը փոխադարձ հարգանքն ու բաց հաղորդակցությունն է, որի միջոցով սեռական հարաբերության որոշումը կարող է նպաստել ավելի խոր կապի, նույնիսկ՝ ամուսնական։