Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

2017/06/30

Մարդկային սերմնահեղուկի սառեցման գաղափարը գոյություն է ունեցել 1700-ական թվականներից ու մեծ զարգացում է ապրել վերջին հինգ տասնամյակներում: Նախ, սերմը սառեցնելուց հետո դա արհեստական բեղմնավորման նպատակով օգտագործելու հնարավորություն ստեղծվեց: Հետզհետե այս սառեցման տեխնոլոգիան ավելի զարգացավ, եւ կրիոպրեզերվացիան դարձավ ավելի ապահով, արդյունավետ ու համատարած:

 

Ինչո՞ւ է սերմը սառեցվում, ի՞նչ պատճառներով է սերմը սառը վիճակում պահպանվում: Կան մի շարք իրավիճակներ, երբ տղամարդը կարող է հանձնել իր սերմը սառեցման նպատակով, օրինակ, զինվորական ծառայության կամ պատերազմ մեկնելուց առաջ, ուռուցքային մի շարք հիվանդությունների դեպքում: Նման անհրաժեշտություն կարող է ծագել հատկապես երիտասարդների մոտ, երբ տղամարդը դեռ չի ամուսնացել կամ դեռ երեխա չի ունեցել: Եւ քանի որ, օրինակ, ուռուցքային հիվանդությունները կարող են ունենալ պրոգրեսիվ ընթացք, նաեւ նրանց հետագա քիմիական կամ ճառագայթային բուժումը կարող է վնասել սերմնարտադրությանը եւ առաջացնել անպտղություն, սերմի սառեցումն ու պահպանումը կարող են ունենալ շատ ճակատագրական նշանակություն:

 

Սերմի պահպանումը տեղի է ունենում նաեւ արհեստական սերմնավորման նպատակով. երբ սերմի քանակը քիչ է, հավաքում են մի քանի անգամ ու կատարում արհեստական սերմնավորում: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտի միջավայրում՝ մինչեւ -196 ջերմաստիճանի պայմաններում: Ճիշտ է, այս մեթոդը դեռևս մեծ կիրառություն չունի Հայաստանում, բայց աստիճանաբար մտնելու է մեր բժշկության և մեր հասարակաության գիտակցության մեջ: Չպետք է տուրք տալ նախապաշարումներին եւ հնացած ավանդական մտածողությանը: Անշուշտ, սերմի բանկի գաղափարը լավ միջոց է նաեւ սերունդների վերարտադրողական կարողությունն ու իրավունքը պահպանելու եւ համաշխարհային ու արդի բժշկությանը համաքայլ ընթանալու համար: