Սպերմագրամա
Նախապատրաստում
Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7 օր։ Հետազոտությունից առաջ` մեկ շաբաթվա ընթացքում, չի կարելի ալկոհոլ ընդունել։ Քննության համար սերմնահեղուկ չի վերցրվում մրսածության կամ այլ սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև` շագանակագեղձի մերսումից անմիջապես հետո։ Հետազոտության նյութը վերցնում են ձեռնաշարժության միջոցով։ Պահպանակի կիրառումն անթույլատրելի է (քսանյութում առկա են սպերմիցիդ նյութեր)։ Անհրաժեշտ է ներկայացնել հավաքված էյակուլատը հերմետիկորեն փակ տարայի մեջ՝ ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում, բացառելով վերջինիս գերսառեցումը 20°С-ից ցածր ջերմաստիճանում։ Տարայի վրա հարկ է նշել հիվանդի Ա.Ա.Հ., սերմնահեղուկը վերցնելու ամսաթիվը և ժամանակը, սեռական հարաբերության բացակայության ժամկետը (օրերով)։
- Անվանումը՝ սերմնահեղուկի հետազոտում անալիզատորով
- Հետազոտության նյութը՝ սերմնահեղուկ
- Հետազոտության եղանակը՝ մակրոսկոպիկ, մանրադիտակային և հետազոտում ավտոմատ անալիզատորով
Նկարագրություն
Սերմնահեղուկի քանակական, որակական և ձևաբանական ցուցանիշների որոշում՝ սերմնաբջիջների կոնցենտրացիայի, ձևի և շարժունակության գնահատմամբ։
Սերմնահեղուկի քննությունը (սպերմոգրամման) էյակուլատի հետազոտման լաբորատոր եղանակ է` տղամարդու սերմնահեղուկի պտղաբերության հնարավորությունները գնահատելու և սեռական համակարգի հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու համար։ Սպերմագրամա նշանակում են անպտղության կասկածի դեպքում, սերմնահեղուկի դոնորներին և նրանց, ովքեր պլանավորում են սերմնահեղուկի կրիոկոնսերվացիա։ Հետազոտվում են էյակուլատի մակրոսկոպիկ ցուցանիշները (ծավալը, գույնը, էյակուլատի մածուցիկությունը և հեղուկացման ժամանակը, ph), հաջորդում է մանրադիտակային քննությունը, որի ժամանակ որոշում են սերմնահեղուկի բջջային տարրերի բնութագրերը, հատկապես սերմնաբջիջների քանակը, շարժունակությունը, ձևաբանական բնութագրերը, լեյկոցիտների քանակը և տեսակները, սպերմատոգենեզի ոչ հասուն բջիջների քանակը, ինչպես նաև տեսակները և այլն։ Սպերմատոզոիդների քանակը և որակը գնահատում են սերմնահեղուկի համակարգված և ավտոմատացված անալիզատորով՝ ներկառուցված տեսախցիկով և պատկերի վիզուալիզացիայի համակարգով։
Հետազոտության իրականացման ցուցումները.
- տղամարդկանց անպտղության ախտորոշում,
- արտամարմնային բեղմնավորման և սերմնահեղուկի ինտրացիտոպլազմիկ ներարկման նախապատրաստում։
Նորմայի մակրոսկոպիկ ցուցանիշները
Սպերմaգրամայի նորմայի ցուցանիշները որոշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ)։ Դրանք ներառել են հետևյալ կետերը.
- ստացված սերմնահեղուկի ծավալը պետք է լինի 2 մլ-ից ավելի,
- ստացումից անմիջապես հետո սերմնահեղուկը մածուցիկ է,
- ջրիկացումը տեղի է ունենում առավելագույնը 30 րոպե անց,
- մածուցիկությունը 2 սմ-ից ավելի չէ, այսինքն, սերմնահեղուկը ապակե փայտիկի օգնությամբ կարելի է այդ հեռավորության վրա ձգել դեպի վեր,
- սպիտակամոխրագույն,
- ինքնատիպ հոտ,
- рh ցուցանիշը` 7,2 – 8,0, ինչը ցույց է տալիս սերմնահեղուկի հիմնային ռեակցիան,
- Էյակուլատը պղտոր է, սակայն լորձ պետք է չպարունակի։
Մանրադիտակային հետազոտության նորման
Մակրոսկոպիկ ցուցանիշները որոշվում են նյութի արտաքին զննման ժամանակ։ Հետազոտության մանրադիտակային եղանակների օգնությամբ որոշում են նորմալ սպերմագրամայի հետևյալ ցուցանիշները.
- մեկ մլ էյակուլատում պետք է պարունակվի առնվազն 20 մլն սերմնաբջիջ, ընդ որում, ստացված նյութում պետք է լինի առնվազն 40 մլն արական սեռական բջիջ,
- ակտիվ շարժուն պետք է լինի առնվազն քառորդ մասը (25%) ,
- անշարժ սերմնաբջիջները պետք է լինեն կեսից քիչ (50% և քիչ),
- ագլյուտինացիա և ագրեգացիա (սոսնձում և մեծ կուտակումների առաջացում) պետք է չլինեն,
- լեյկոցիտների նորման` 1 մլն-ից ոչ ավելի,
- նորմալ սպերմատոզոիդները պետք է կազմեն բոլոր բջիջների կեսից ավելին (50%),
- գլխիկի նորմալ կառուցվածքով (մորֆոլոգիայով) սերմնաբջիջները կազմում են 30%-ից ավելին,
- էյակուլատում պետք է լինի սպերմատոգենեզի 2-4% բջիջ (սեռական բջիջների ոչ հասուն նախնիները)։
Եթե հետազոտության բոլոր ցուցանիշները համապատասխանում են ռեֆերենտ արժեքներին, էյակուլատի այդպիսի վիճակը կոչում են «նորմոսպերմիա» կամ «նորմոզոոսպերմիա» տերմինով։
Օլիգոզոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջների կոնցենտրացիան ցածր է ռեֆերենտային մակարդակից։
Ասթենոզոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջների շարժունակությունը ցածր է ռեֆերենտային մակարդակից։
Տերատոզոոսպերմիայի դեպքում ձևաբանորեն նորմալ սերմնաբջիջների տոկոսը ցածր է ռեֆերենտային մակարդակից։
Ազոոսպերմիա՝ էյակուլատում սերմնաբջիջների բացակայություն։
Ասպերմիա՝ էյակուլատում ո՛չ միայն սերմնաբջիջների, այլ նաև սպերմատոգենեզի ոչ հասուն բջիջների բացակայություն։
Էյակուլատում սերմնաբջիջների քանակի նվազման գլխավոր պատճառներն են.
- էնդոկրին խանգարումները (շաքարային դիաբետ, մակերիկամների և վահանաձև գեղձի դիսֆունկցիա, սեռական գեղձերի թերզարգացում, հիպոթալամոհիպոֆիզար կարգավորման խանգարում),
- միզասեռական օրգանների հիվանդություններ (վարիկոցելե, օրխիտ, պրոստատիտ, սեռական օրգանների վնասվածքներ),
- գենետիկ խանգարումներ (օրինակ` Կլայնֆելտերի համախտանիշ),
- թույների ազդեցություն (ալկոհոլ, հորմոններ, քնաբեր միջոցներ),
- տենդային վիճակ,
- բարձր արտաքին ջերմաստիճան։
Սերմնաբջիջների ցածր շարժունակության պատճառներն են.
- սեղմող սպիտակեղենի կրում,
- ծխախոտ և ալկոհոլիզմ,
- ավիտամինոզ,
- սթրեսներ,
- քսուկների օգտագործում,
- նստակյաց աշխատանք,
- էլեկտրամագնիսական ալիքներ և իոնիզացնող ճառագայթում,
- հակաբիոտիկներով բուժում: