Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական համակարգին (ֆալոպյան փողերում շարժմանը) հարմարվելու հետեւանքը լինել, ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։
Տղամարդու սեռական բջիջները շարժվում են ոլորների օգնությամբ՝ իրենց առանցքի շուրջը պտտվելով։ Ձկների եւ ջրային միջավայրում ապրող այլ կենդանիների մոտ նման շարժումը սպերմատոզոիդին թույլ է տալիս տեղաշարժվել հեղուկում, սակայն կնոջ սեռական օրգաններում նա ստիպված է լինում գործ ունենալ բազմաթիվ մակերեւույթների հետ։ Նախկինում հետազոտողների ուշադրությունը բոլորովին չէր գրավում նման օբյեկտների ազդեցությունը սպերմատոզոիդների շարժման վրա։
Այս ոլորտում գիտելիքների պակասը լրացնելու համար Տորոնտոյի համալսարանից Դեվիդ Սինթոնը (David Sinton) տեսանյութ է տեսագրել, թե ինչպես են մարդու սպերմատոզոիդները լողում ապակու մակերեւույթով (մեկ միկրոն) եւ լուծույթում։ Պարզվել է, որ մակերեւույթով շարժվելիս բջիջները շարժվում են հատուկ սողացող ռեժիմով, ավելի ուղիղ հետագծով եւ ավելի մեծ արագությամբ։ Ցլի սպերմատոզոիդները նման պայմաններում, ընդհակառակը, դանդաղեցրել են իրենց շարժումը։
Ֆալոպյան փողերը (այն օրգանը, որտեղ տեղի է ունենում կաթնասունների բեղմնավորումը) փակ եւ կպչուն միջավայր է։ Կովերի մոտ այդ օրգանն անհամեմատ ավելի խոշոր է, եւ սպերմատոզոիդներն այնտեղ բախվում են մակերեւույթների։ Սահող ռեժիմը, գիտնականի կարծիքով, թույլ է տալիս տեղաշարժվել սեռական համակարգի նեղ ուղիներով։