Ուշ ամուսնության առավելություններն ու թերությունները
2024/01/25
Վերջին տասնամյակների ընթացքում և՛ տղամարդկանց և՛ կանանց ամուսնության տարիքն աճում է աշխարհում։ Ավելին, շատ զարգացած երկրներում ամուսնությունների կեսից ավելին տեղի է ունենում 30 տարեկանից հետո։ Ամուսնությունների թվի նվազում է գրանցվել հատկապես տնտեսապես զարգացած երկրներում (Եվրոպան, ԱՄՆ):
Ամուսնությունը հետաձգելու հիմնական պատճառները
- Շատ երիտասարդներ մինչև ամուսնությունը համատեղ կյանքն ընկալում են որպես փորձաշրջան, ինչը կարող է հետաձգել ամուսնության որոշումը։
- Որոշ երիտասարդներ նախամուսնական շրջանն ընկալում են որպես ազատության և վայելքի շրջան (կերուխում, ազատ սեքս և այլն), հետևաբար, երկար ժամանակ են տրամադրում ազատ կյանքին։
- Որոշները կարծում են, որ ուշ ամուսնանալը նյութական խնայողության միջոց է։
Ըստ սոցիոլոգիական տարբեր կարծիքների, ուշ ամուսնությունն ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն զույգերի հետագա համատեղ կյանքի և ճակատագրի վրա։
Ուշ ամուսնության առավելությունները
- Անձնական աճ։ Ամուսնության պարտականությունները, երբեմն, կարող են խանգարել երիտասարդներին կենտրոնանալ անձնական աճի և զարգացման վրա։ Մեր օրերում անհատի աճը շատ կարևոր պայման է աշխատանքի և կարիերայի համար։ Հատկապես վաղ ամուսնությունը և երեխաները կարող են ազդել կանանց ծրագրերի վրա։ Հետևաբար, անձնական աճի վրա կենտրոնանալը զույգերի ամուսնության հետաձգման առավելություններից է համարվում:
- Կայուն ամուսնություն։ Վաղ ամուսնությունը կարող է հիմնված լինել զույգերի միմիանց հանդեպ ունեցած սխալ ակնկալիքների վրա: Մինչդեռ, ուշ ամուսնությունը ստեղծում է բավարար ժամանակ՝ գիտակցաբար որոշում կայացնելու, քանի որ տարիքի հետ մարդկանց մտածողության և վարքագծի հասունության մակարդակը բարձրանում է։ Այս շրջանում զույգերն իրենց հանդուրժողականության, նոր գիտելիքի, սթրեսի հաղթահարման ունակության և այլ հմտությունների շնորհիվ նպաստում են ամուսնության կայունությանը: Ըստ տարբեր տվյալների, ուշ ամուսնությունը նվազեցնում է ամուսնալուծության հավանականությունը։
- Կրթություն և կարիերա։ Որոշ մարդիկ հետաձգում են ամուսնությունը՝ տնտեսական կարգավիճակի, կարիերայի զարգացման, ուսման և կրթական այլ ծրագրերի պատճառով։
- Հոգեկան առողջություն։ Վաղ ամուսնության խնդիրները (կրթություն, ֆինանս, երեխա և այլն) շատ հաճախ լարվածություն և դեպրեսիա են առաջացնում զույգերի մոտ։ Մինչդեռ տարբեր աշխատություններ վկայում են այն մասին, որ ուշ ամուսնությունը նվազեցնում է զույգերի դեպրեսիվ ախտանշանները, բարելավում երջանկությունը, ինքնագնահատականն ու բավարարվածությունը:
Ուշ ամուսնության թերությունները
- Պտղաբերություն։ Տարիքի հետ նվազում է հատկապես կանանց պտղաբերությունը։ Նույնիսկ որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ կնոջ պտղաբերության կարողությունը սկսում է նվազել արդեն 20 տարեկանից։ Հետևաբար, ուշ ամուսնությունն, իր հերթին, նվազեցնում է ծնելիության մակարդակը, որը բնակչության թվի անկման հիմնական գործոնն է։
- Հղիության դժվարություններ։ Սերմի տարիքային փոփոխությունները՝ մի կողմից, մյուս կողմից՝ կնոջ մոտ ձվաբջիջների փոփոխությունները մեծացնում են հղիության և ծննդաբերության հետ կապված ռիսկերը։ Ուշ տարիքում հղիությունները կարող են ընթանալ որոշ բարդություններով՝ վիժումեր, բնածին արատներ, արյան բարձր ճնշում, հղիության դիաբետ և ծանր ծննդաբերության ընթացք։ Տարեց տղամարդիկ կարող են գենետիկ հիվանդությունների (աուտիզմ) փոխանցման պատճառ դառնալ։ Մեծ տարիքի կանայք էլ կարող են նպաստել Դաունի համախտանիշով երեխաների ծննդին։
- Ռիսկային վարքագիծ։ Ուշ ամուսնությունն ու նախամուսնական ռիսկային վարքագիծը մեծացնում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և վարակների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի ձեռքբերման ռիսկը։
- Անհամաձայնություն։ Ուշ ամուսնությունը, որոշ դեպքերում, կարող է ունենալ անկայուն ընթացք՝ պայմանավորված կյանքի փորձառությունների, համակրանքների և հակակրանքների հետ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ուշ ամուսնացածների համար։ Նման տարիքում ամուսնացածների համար փոխզիջումը երբեմն դժվար է դառնում։
- Երեխաների և ծնողների միջև տարիքային մեծ տարբերությունը կարող է նպաստել ծնողների ու երեխաների շփման և փոխադարձ հասկացողության որոշ դժվարությունների, ինչպես նաև բազմաթիվ տարաձայնությունների հիմք լինել: Տարիքով ծնողները հազվադեպ են հանդուրժում իրենց երեխաների սխալները՝ աշխարհի նկատմամբ ունեցած հայացքների պատճառով, ուստի անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել հաղորդակցության և փոխըմբռնման բացակայության:
Ամփոփելով
Զարգացած երկրներում շատերը սկսում են կարևորություն չտալ ամուսնությանը, քանի որ նախաամուսնական սեռական հարաբերությունները, կանանց և տղամարդկանց կարիերայի առաջնահերթությունները և բազմաթիվ այլ պատճառներ նպաստում են նման վարքագծին։ Բնականաբար, ամուսնական հարաբերությունները կոչված են ապահովելու զույգերի փոխադարձ կարիքները, ապահովությունը, կայունությունը, մտերմությունը, ինչպես նաև հուզական և սեռական սպասումները: Իսկ նման որոշման համար զույգերի պատրաստակամությունը շատ կարևոր է։