Ինչո՞ւ է առնանդամի մաշկը սպիտակում ու կարծրանում

2024/04/26

Տղամարդկանց մոտ սկլերոտիկ որքինը հիմնականում դրսևորվում է սեռական օրգանների մաշկի (թլիպ, գլխիկ) քրոնիկ բորբոքային հիվանդութամբ: Կանանց մոտ առավել հաճախ հանդիպում է ուղիղաղիքային բացվածքի (anorectal) սկլերոտիկ որքինը։

Այս հիվանդությունը քիչ ուսումնասիրված է, հանդիպում է տարբեր տարիքային խմբերում, սակայն ավելի հաճախ 40-50 տարեկան տղամարդկանց մոտ։ Սովորաբար, սկլերոտիկ որքինը չի հանդիպում նորածնային տարիքում թլպատված տղաների մոտ։

Վիճակագրական տվյալների համաձայն, սկլերոտիկ որքինն առավել հաճախ հանդիպում է ֆիմոզի դեպքում։ Նախատրամադրող գործոններ են թլպատման բացակայությունը, գիրությունը, շաքարային դիաբետը, հիպոսպադիան, պիրսինգները, վնասվածքներն ու վիրահատությունները։

Սկլերոտիկ որքինը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ։ Չկան նաև բավարար տվյալներ, որ հաստատեն կապը պապիլոմավիրուսի, վարակի կամ հիվանդությունների հետ։

Ախտանշաններ, ախտորոշում, բարդություններ

Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, կամ հաճախ դրանք կապված են միզասեռական համակարգի հետ․

  • քոր, փառ, հոտ,
  • ցավ, անհարմարավետություն,
  • ճաք կամ պատռվածք,
  • արյունահոսություն,
  • միզարձակման խանգարում,
  • սպիական փոփոխություններ,
  • միզուղիների բորբոքում,
  • թլիպի նեղացում, ֆիմոզ,
  • ցավոտ էրեկցիա։

Ախտորոշման համար հարկ է ուշադրություն դարձնել առնանդամի, փոշտի մաշկի ախտահարմանը, սպիական փոփոխություններին, միզուկի արտաքին բացվածքին, ֆիմոզի աստիճանին։

Առնանդամի սկլեոտիկ որքինի հիմնական բարդությունը կապված է թլիպի սկլերոտիկ փոփոխությունների հետ։ Այդ բարդություններից են՝ ֆիմոզը, պարաֆիմոզը, ցելուլիտը, առնանդամի մելանոման, միզուկի բացվածքի նեղացումը, միզակապությունը, երիկամային անբավարարությյունը,  առնանդամի գլխիկի քաղցկեղը։

Ուշադրության արժանի է հատկապես սկլերոտիկ որքինը ժամանակին բուժելը, քանի որ մոտավորապես 12.5% դեպքերում առնանդամի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Ընդհանուր առմամբ, բուժման նպատակն է թեթևացնել հիվանդության ախտանիշները, կանխել սպիացման ու չարորականացման վտանգը, ինչպես նաև պահպանել սեռական և միզարձակման գործառույթները:

Ընդհանուր խորհուրդներ․
   

  • խուսափել մաշկը գրգռող միջոցներից (օճառ, գել, քիմիական նյութեր),
  • խուսափել մեզի անմիջական շփումից (այդ նպատակով երբեմն նրբաքսուքներ օգտագործել),
  • հսկել ու բուժել միզուղիների ախտանշանները,
  • միզուկի նեղացման դեպքում դիմել մեատոտոմիայի կամ մեատոպլաստիկայի,
  • ֆիմոզի կամ պարաֆիմոզի դեպքում կատարել թլպատում,
  • քաղցկեղի վտանգի դեպքում կատարել մաշկի բիոպսիա և համապատասխան վիրահատություն։