Թլփատում (Circumcision)

2017/06/22

Թլփատումը համարվում է ամենատարածված վիրահատություններից մեկն աշխարհում, որը հիմնականում կատարվում է կրոնական նկատառումներով, իսկ որոշ դեպքերում նաև` բժշկական ցուցումներով և պատճառներով: Թլփատում նշանակում է առնանդամի թլիփի (գլխիկը ծածկող արտաքին մաշկը) հեռացում, երբ գլխիկը մնում է անծածկ:

 

Կրոնական պատճառներով կատարված թլփատումները հասկանալի են, սակայն այլ պատճառներով կատարված թլփատումները հակասական մեկնաբանություններ ունեն: Վերջին գիտական աշխատությունները հաստատում են, որ առնանդամի գլխիկի «բաց» մնալը չի ազդում սեռական զգացողության և հաճույքի վրա:

 

Դասակարգումը

 

Ըստ ֆիմոզի դասակարգման, գոյություն ունի 4 տեսակ.

 

 

  • 1-ին տիպ. թլիփը հետ չի ձգվում,
  • 2րդ տիպ. երևում է միզուկի արտաքին բացվածը,
  • 3րդ տիպ. թլիփը ձգվում է մինչև առնանդամի գլխիկի կեսը,
  • 4րդ տիպ. չի երևում առնադամի գլխիկի պսակաձև ակոսը` կպումների պատճառով:

 

Թլփատումը համարվում է վիրահատական միջամտություն, հետևաբար, ցանկալի է այն կատարել ցավազրկման ներքո: Ճիշտ է, կրոնական և դավանական թլփատումները կատարվում են առանց ցավազրկման, սակայն, նույնիսկ վաղ մանկական հասակում թլփատումների համար, խորհուրդ է տրվում առնանդամի տեղային կամ ռեգիոնալ ցավազրկում: Հրեական կամ մահմեդական կրոնական օրենքներով թլփատումը պետք է կատարել սուր դանակի, իսկ ավելի վաղ ժամանակներում` նույնիսկ սրածայր քարի օգնությամբ:

 

Թլփատման հիմնական բժշկական ցուցումներն են` ֆիմոզն ու քրոնիկական բալանիտը: Գոյություն ունեն տարբեր գործիքներ, որոնք կիրառվում են նորածինների կամ փոքր հասակի երեխաների թլփատման համար: Բայց հիմնական մեթոդը վիրաբուժականն է: Շատ հաճախ հիվանդները չեն պատկերացնում, թե ինչ տեսք է ստանալու իրենց առնանդամը թլփատումից հետո: Հետևաբար, բժիշկը պետք է բացատրի և ,անհրաժեշտության դեպքում, համապատասխան նկարներ ցուցադրի հիվանդին: