Միզաքարային հիվանդության կանխարգելումը (Prevention of stone disease)

2017/06/28

Նորմայում մեզը հագեցած է որոշակի նյութերով և աղերով: Միաժամանակ, մեզում առկա են մի շարք գործոններ, որոնք կանխում են այդ աղերի նստվածքը: Հիմնական գործոններն են` մեզի անընդհատ հոսքը, նրա մեջ ընկճող իոնների (ցիտրատ, մագնեզիում) և միզային սպիտակուցների (Թամ Հորսֆոլի սպիտակուց, պրոթրոմբինի ֆրագմենտ1) առկայությունը: Սովորաբար, քարերն առաջանում են էպիթելիալ բջիջների և էրիթրոցիտների մակերեսին, որից հետո տեղի է ունենում նրանց ագրեգացիան: Միզային կանգն ու բորբոքումները նպաստում են մեզի գերհագեցմանը այդ աղերով ու նյութերով, հետևաբար` միզաքարային հիվանդության առաջացմանը:

 

 

Քարերի առաջացմանը նպաստող գործոններն են.

 

  • քիչ քանակի հեղուկի ընդունումը,
  • միզուղիների անոմալիաները,
  • օտար մարմինները,
  • վահանագեղձի հիվանդությունները (հիպերթիրիոզ ու հիպերկալցիէմիա),
  • միզաթթվի բարձր քանակը,
  • երիկամի խողովակների ախտահարումները,
  • աղի, շաքարի, կենդանական ճարպի, օքսալատների մեծ քանակի ընդունումը

 

Քանի որ միզաքարային հիվանդությունն ի հայտ է գալիս հատկապես ամռանը, հետևաբար, կանխարգելաման համար հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության պատճառներին:

 

Որպես ամենապարզ կանխարգելիչ միջոց խորհուրդ է տրվում  խմել այնքան ջուր, որ օրվա մեզի քանակը կազմի մոտավորապես 2.5 լիտր, ասինքն, մոտավորապես 3-4 լիտր հեղուկի ընդունումը պարտադիր է: