Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

2017/06/28

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis): Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք խիստ ուշադրություն են պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և, ի վերջո, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար: Այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

 

- Ինչ ՞ է իրենից ներկայացնում «ֆիմոզ» հիվանդությունը:

 

- Ֆիմոզն առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը, երբ առնանդամի գլխիկն ամբողջությամբ չի բացվում: Այս հիվանդությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Սովորաբար, երեխաները ներարգանդային կյանքից սկսած, մեծավ մասամբ, ունենում են «կեղծ» ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումն առնանդամի գլխիկին: Սովորաբար, այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ` ծնողները: Ընդհանչապես, կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ «իսկական» ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ, երեխայի ծննդից մեկ ամիս անց ցանկալի է, որ երեխային զննի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժներն այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

 

- Նշեցիք «իսկական» արտահայտությունը, ի՞նչ է դա:

 

- Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում, կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում, ժամանակի ընթացքում, զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնցից յուրաքանչյուրի դեպքում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

 

- Տնային պայմաններում կարելի՞ է խնդիրը լուծել:

 

- Այո, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է երեխաներին: Պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն, երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, առաջանում են որոշ բարդություններ, որոնց դեպքում բժշկական միջամտությունն անխուսափելի է դառնում:

 

- Հիվանդությունը երկարատև՞ բուժում է պահանջում:

 

- Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար, բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, երբ առաջարկվում է վիրահատական բուժում:

 

- Ասում են, եթե տղամարդու մոտ գոյություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

 

- Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածներն ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

 

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.


Երեխաների դեպքում.
• Նախ, ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության` վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփն առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին:

Մեծահասակների դեպքում.
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

 

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունին