Շաքարախտ և ուրոլոգիա (Diabetes and Urology)

2017/06/26

Շաքարյին դիաբետը` ախտահարելով նյարդային վերջույթներն ու անոթները, կարող է բերել և՛ տղամարդկանց, և՛ կանանց սեռական խնդիրների առաջացմանը: Նյարդային գրգիռները պատասխանատու են ներքին օրգանների գործունեությանը: Այս համակարգը կոչվում է վեգետատիվ նյարդային համակարգ (Autonomic Nervous System): Սեռական գրգիռները նույնպես փոխանցվում են վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով` բերելով սեռական օրգանների անոթների լայնացմանն ու հարթ մկանների թուլացմանը: Հետևաբար, այս նյարդերի ախտահարումը կարող է խախտել նյարդահաղոդչականությունը և բերել սեռական ֆունկցիայի խանգարման:

 

Տղամարդկանց սեռական դիսֆունկիաները շաքարային դիաբետի ժամանակ (Male sexual dysfunction during Diabetes)

 

Էրեկտիլ դիսֆունկցիա (Erectile Dysfunction)

 

Էրեկտիլ դիսֆուկցիան բնորոշվում է սեռական հարաբերության ժամանակ առնանդամի ոչ բավարար էրեկցիա ունենալու և այն պահելու անկարողությամբ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75%-ի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Էրեկտիլ դիսֆունկցիայի այլ պատճառներից են` զարկերակային հիպերտենզիան, երիկամային հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, սրտանոթային հիվանդությունները, դեղորայքի կողմնակի ազդեցությունները, հորմոնալ ու հոգեբանական գործոնները:

 

Հետադարձ սերմնաժայթքում (Retrograde Ejaculation)

 

Սերմնաժայթքման ժամանակ սերմի հոսքը դեպի միզապարկ կոչվում է հետադարձ սերմնաժայթքում: Առաջանում է փականների ոչ բավարար աշխատանքի պատճառով: Այս վիճակը կարող է բերել տղամարդու անպտղության: Շաքարային դիաբետը և նյարդային ախտահարումները նույնպես կարող են առաջացնել հետադարձ սերմնաժայթքում:

 

Կանանց սեռական դիսֆունկիան շաքարային դիաբետի ժամանակ (Female Sexual Dysfunction during Diabetes)

 

Շաքարային դիաբետով կանանց սեռական խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունները քիչ են, սակայն կան տվյալներ, որոնք վկայում են, որ շաքարային դիաբետով (1-ին տիպ) կանանց մոտավորապես 25%-ը, իսկ 2-րդ տիպի 42%-ը տառապում է սեռական խնդիրներով: Այդ սեռական խնդիրներից են.

 

  • հեշտոցի չորություն,
  • ցավոտ սեռական հարաբերություն,
  • սեռական ցանկության նվազում կամ բացակայություն,
  • սեռական ակտիվության իջեցում կամ բացակայություն:

 

Միզապարկի ախտահարումները շաքարային դիաբետի ժամանակ (Bladder Disorders during Diabetes)

 

Շաքարային դիաբետի ժամանակ միզապարկի ախտահարումների պատճառը նույնպես նյարդային ախտահարումն է: Առավել հաճախ են հանդիպում հետևյալ ախտահարումները՝

 

  • Գերակտիվ միզապարկ (Overactive Bladder): Միզապարկի ախտահարված նյարդերը գրգիռներ են ուղարկում ոչ ճիշտ ժամանակին` բերելով միզապարկի մկանների կծկմանն ու մի շարք ախտանշանների առաջացմանը, ինչպիսիք են` հաճախամիզությունը, գիշերամիզությունը, հանկարծակի և անզուսպ միզարձակությունը, անմիզապահությունը և այլն:

  • Միզային փականների դիսֆունկցիա (Urinary Sphinchter Dysfunction): Միզային փականները (Urinary sphincter) մկաններ են, որոնք շրջապատում են միզուկը և նրանց գործունեությամբ պայմանավորված է միզապահությունը: Հետևաբար, շաքարային դիաբետի ժամանակ նյարդային ախտահարումը բերում է տվյալ փականների մկանային ախտահարմանն ու անմիզապահության առաջացմանը:

  • Միզակապություն (Urine retention): Միզապարկի մկանների ախտահարումը երբեմն նաև թուլացնում է միզապարկի կծկումները` բերելով քրոնիկական միզակապության, ինչը կարող է առաջացնել երիկամների ախտահարում և «գերլցվածության» անմիզապահություն:

Այս ախտահարումներն ախտորոշվում են սոնոգրաֆիկ, ցիստոսկոպիկ, ռենտգենյան և ուրոդինամիկ հետազոտություններով (ուրոֆլոմետրիա, ցիստոտոնոմետրիա): Քրոնիկական միզակապության բուժման համար խորհուրդ է տրվում միզել ժամանակացույցով, կամ կատարել ինքնակատետերիզացիաներ (երբ հիվանդի կողմից միզուկի միջոցով դեպի միզապարկ անցկացվում է միզային կարետր` մեզն արտաբերելու նպատակով), միզարձակումը լիարժեք դատարկելու նպատակով`որովայնի ստորին հատվածի մերսում, հատուկ վարժություններ, դեղորայքային բուժում և այլն:

 

Միզուղիների ինֆեկցիաներ (Urinary Tract Infections)

 

Շաքարային դիաբետի ժամանակ մեծանում է միզուղիների ինֆեկցիաների հավանականությունը և՛ տղամարդկաց, և՛ կանանց մոտ, քանի որ ախտահարվում է օրգանիզմի իմուն համակարգն ընդհանրապես` ինֆեկցիաների, և, մասնավորապես` միզուղիների ինֆեկցիաների նկատմամբ: Այլ պատճառներից են` արյան անոթների ախտահարումը, միզապարկի դիսֆունկցիաները և անախտանիշ բակտերիուրիան: Հատկապես վտանգավոր են վարակով բարդացումները` երիկամի բորբոքումները (Pyelonephritis): Հետևաբար, միզուղիների ինֆեկցիաների բարդացումը կանխելու նպատակով պետք է ժամանակին հայտնաբերել և բուժել քրոնիկական ինֆեկցիաներն ու անախտանիշ բակտերիուրիան:

 

Շաքարային դիաբետի և ուրոլոգիական հիվանդությունների ռիսկային գործոնները

 

Շաքարային դիապետի ժամանակ ավելանում է սեռական դիսֆունկցիայի և այլ ուրոլոգիական հիվանդությունների հավանականությունը մի շարք ռիսկային գործոնների պատճառով.

  • շաքարի բարձր մակարդակն արյան մեջ,
  • խոլեսթերոլ,
  • զարկերակային հիպերտենզիա,
  • գիրություն,
  • ծխախոտ,
  • նստակյաց ապրելակերպ,
  • տարիք (40-ից բարձր):

Կանխարգելում

 

Շաքարային դիպետով հիվանդների համար շատ կարևոր է.

  • հսկել շաքարի և խոլեսթերոլի մակարդակը,
  • կարգավորել արյան զարկերակյին ճնշումը,
  • վարել ակտիվ կենսակերպ,
  • չծխել,
  • ժամանակին դիմել մասնագետի խորհրդատվությանը:

Ամփոփում. Շաքարային դիաբետը կարող է առաջացնել մի շարք սեռական և ուրոլոգիական հիվանդություններ, որոնք են.

 

Տղամարդկանց սեռական խնդիրներ

 

  • էրեկտիլ դիսֆունկցիա,
  • հետադարձ սերմնաժայթքում:

Կանանց սեռական խնդիրներ

 

  • հեշտոցի չորություն և ցավոտ հարաբերություն,
  • սեռական ցանկության նվազում կամ բացակայություն,
  • սեռական ակտիվության իջեցում կամ բացակայություն:

 

Տղմարդկանց և կանանց ուրոլոգիական հիվանդություններ

 

  • գերակտիվ միզապարկ, անմիզապահություն և միզակապություն,
  • միզուղիների ինֆեկցիաներ
  • սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և դեղորայքայը կարող են կանխել շաքարախտով հիվանդների ուրոլոգիական հիվանդությունները: