Հեշտոցային գարդներելա (Gardnerella vaginalis)

2016/05/10

Հեշտոցային գարդներելան (Gardnerella vaginalis) կանանց միզասեռական համակարգի և բակտերիալ հեշտոցաբորբի (Bacterial vaginitis) ամենատարածված միկրոբներից է:

 

Գարդներ անունով գիտնականն առաջին անգամ նկարագրել է այս միկրոբը՝ որպես ոչ սպեցիֆիկ հեշտոցոբորբի պատճառ, և հետագայում այն կոչվել է հեղինակի անունով (Gardnerella vaginalis): Այս միկրոբի որպես համանուններ օգտագործվում են նաև՝ Haemophilus vaginalis և Corynebacterium vaginale:

 

Հեշտոցային գարդներելան համարվում է անշարժ և ֆալուլտատիվ անաերոբ բակտերիա: Հեշտոցաբորբ ունեցող կանանց մոտավորապես 90%-ի մոտ հայտնաբերվում է այս միկրոբը, սակայն այն կարող է հայտնաբերվել նաև առանց ախտանիշի ընթացող կանանց մոտ: Հեշտոցի վատ հոտը (ձկան հոտ) պայմանավորված չէ միայն Gardnerella vaginalis-ի առկայությամբ, այլ նաև ուղեկցող այլ անաերոբ միկրոբներով, որոնք արտադրում են անկայուն ամիններ:

 

Հեշտոցային գարդներելան (Gardnerella vaginalis) տղամարդկանց մոտ առաջացնում է մի շարք հիվանդություններ, որոնցից ամենատարածվածն է բալանոպոստիտը (balanoposthitis): Գարդներելայով պայմանավորված բալանոպոստիտը համարում են ոչ սպեցիֆիկ հեշտոցաբորբի «տղամարդու ձևը»: Բալանոպոստիտի ախտանիշներից են առնանդամի գլխիկի և թլիփի կարմրածությունը, քորը, վատ հոտը և այլն:

 

Այս հարուցիչը կարող է առաջացնել աբակտերիալ ցիստիտ և պրոստատիտ, իսկ երբեմն նույնիսկ՝ սեպսիս, թոքային և հարերիկամային աբսցես:

 

Կանանց հեշտոցային քսուքի հետազոտման միջոցով կարելի է հայտնաբերել այս հարուցիչը: Իսկ բալանոպոստիտի ժամանակ այն միկրոբը հայտնաբերվում է առնանդամի գլխիկի պսակաձև ակոսի և միզուկի քսուքի մեջ: Gardnerella vaginalis-ը կարող է հայտնաբերվել նաև առանց ախտանիշ ընթացող տղամարդկանց մոտ մինչև 40% դեպքերում:

 

Բակտերիալ հեշտոցաբորբի կանխարգելումը կարող է նվազեցնել սեռական ինֆեկցիաների և ՁԻԱՀ-ի հավանականությունը, ինչպես նաև կանխել տղամարդկանց մոտ գարդներելիոզը:

 

Բուժումը սիմպտոմոտիկ է տղամարդկանց և կանանց մոտ: Միաժամանակ, հարկ է կանխարգելիչ բուժում նշանակել առանց ախտանիշ ընթացող զուգընկերոջը: