Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են

2018/12/07

Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր, որոնք ազդում եմ միզապարկի վզիկի և շագանակագեղձի վրա` բերելով միզարձակման բարելավման և շագանակագեղձի գերաճի դանդաղեցմանը։

 

Այս դեղերը կիրառվում են հատկապես միզարձակման ֆունկցիայի թույլ և միջին արտահայտվածության ախտանիշների դեպքում:

 

Դեղերի խմեբերն են.

 

•    Ալֆա-պաշարիչներ (Alpha blockers): Այս դեղերն (Prazosin, Doxazosin, Tamsulosin, Terazosin, Alfuzosin) ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար` միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ ժամանակավորապես լավացնում են հիվանդի գանգատները: Նրանց կողմանակի ազդեցություններից են հետադարձ սերմնաժայթքումը (Retrograde Ejaculation) և արյան զարկերակային ճնշումն իջեցնող (Hypotensive) հատկությունը։

 

•    5 ալֆա ռեֆուկտազայի պաշարիչներ (5-Alpha Reductase Inhibitors): Այս դեղերը կանխում են տեստոստերոնի կազմափոխումը՝ դիհիդրոտեստոստերոնի: Վերջինս նպաստում է շագանակագեղձի գերաճին: Դրանք են՝ Finasteride, Dutasteride: Կիրառվում են հատկապես մեծ ադենոմաների դեպքում: Նրանց կողմնակի ազդեցություններից են՝ սեռական դիսֆունկցիան, սեռական ցանկության նվազումը, կրծքագեղձերի մեծացումը և ոտքերի այտուցը:

 

•    Ֆոսֆոդիէստերազայի պաշարիչներ (Phosphodiesterase-5 Inhibitors): Ճիշտ է, այս խմբի դեղերը կիրառվում են հիմնականում էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման նպատակով, սակայն կիրառվում են նաև շագանակագեղձի գերաճի բուժման համար. հատկապես տադալաֆիլն (Zimfil) ունի նման կիրառում: Կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավը, տեսողական խանգարումն ու մկանային ցավերը:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ