Քաղցկեղն ու սննդակարգը

2024/03/13

Հարց։

Ինձ մոտ քաղցկեղային հիվանդություն է ախտորոշվել։ Ինչպիսի՞ սննդամթերք խորհուրդ կտաք օգտագործել կամ խուսափել։

Պատասխան։

Քաղցկեղի ախտորոշումից հետո շատ կարևոր է սահմանել հատուկ սննդակարգ, որտեղ ցանկալի է, որ մրգերն ու բանջարեղենը կազմեն օրվա ընդունած սննդի կեսը, ձավարեղենը՝ քառորդը, իսկ բուսական սպիտակուցները՝ մնացածը:

Պետք է խուսափել վերամշակված սննդամթերքից (սառեցված պիցցա,  չիպս, հոթ-դոկ, երշիկ, խմորեղեն, կեքսեր, միս, քաղցր ըմպելիq և այլն): Կան բազմաթիվ աշխատություններ, որոնք վկայում են, որ վերամշակված սնունդը մեծացնում է քաղցկեղի վտանգը։

Սպիտակուցներից հատկապես նախընտրելի է ձուկը, թռչնամիսն ու ընդեղենը, սակայն նախապատվությունը հարկ է տալ բուսկան ծագման սպիտակուցներին՝ (ոսպ, ոլոռ, լոբի), որոնք ոչ միայն փոխարինում են կենդանական սպիտակուցներին, այլև օրգանիզմն ապահովում են մանրաթելերով։ Սոյայի մթերքը նույնպես անվտանգ է քաղցկեղով հիվանդների համար։ Ընկույզն ու ընդեղենը նույնպես օրգանիզմի համար մանրաթելերի և սպիտակուցների հիանալի աղբյուրներ են:

Ամփոփելով՝

  • խուսափել վերամշակված սննդամթերքից,

  • ուտել ամբողջական մրգեր (ոչ մրգային հյութ),

  • հաճախակի օգտագործել վարսակ, քինոա, շագանակագույն բրինձ և գարի,

  • ընդունել ոչ կենդանական սպիտակուցներ,

  • խուսափել պահածոյացված գործարանային սննդամթերքից,

  • խուսափել քաղցր ըմպելիքից,

  • ընդունել մեծ քանակությամբ ջուր։