Քաղցկեղն ու սննդակարգը
Հարց։
Ինձ մոտ քաղցկեղային հիվանդություն է ախտորոշվել։ Ինչպիսի՞ սննդամթերք խորհուրդ կտաք օգտագործել կամ խուսափել։
Պատասխան։
Քաղցկեղի ախտորոշումից հետո շատ կարևոր է սահմանել հատուկ սննդակարգ, որտեղ ցանկալի է, որ մրգերն ու բանջարեղենը կազմեն օրվա ընդունած սննդի կեսը, ձավարեղենը՝ քառորդը, իսկ բուսական սպիտակուցները՝ մնացածը:
Պետք է խուսափել վերամշակված սննդամթերքից (սառեցված պիցցա, չիպս, հոթ-դոկ, երշիկ, խմորեղեն, կեքսեր, միս, քաղցր ըմպելիq և այլն): Կան բազմաթիվ աշխատություններ, որոնք վկայում են, որ վերամշակված սնունդը մեծացնում է քաղցկեղի վտանգը։
Սպիտակուցներից հատկապես նախընտրելի է ձուկը, թռչնամիսն ու ընդեղենը, սակայն նախապատվությունը հարկ է տալ բուսկան ծագման սպիտակուցներին՝ (ոսպ, ոլոռ, լոբի), որոնք ոչ միայն փոխարինում են կենդանական սպիտակուցներին, այլև օրգանիզմն ապահովում են մանրաթելերով։ Սոյայի մթերքը նույնպես անվտանգ է քաղցկեղով հիվանդների համար։ Ընկույզն ու ընդեղենը նույնպես օրգանիզմի համար մանրաթելերի և սպիտակուցների հիանալի աղբյուրներ են:
Ամփոփելով՝
- խուսափել վերամշակված սննդամթերքից,
- ուտել ամբողջական մրգեր (ոչ մրգային հյութ),
- հաճախակի օգտագործել վարսակ, քինոա, շագանակագույն բրինձ և գարի,
- ընդունել ոչ կենդանական սպիտակուցներ,
- խուսափել պահածոյացված գործարանային սննդամթերքից,
- խուսափել քաղցր ըմպելիքից,
- ընդունել մեծ քանակությամբ ջուր։