Ինչպե՞ս բժիշկ-մասնագետի ճիշտ ընտրություն կատարել

2017/07/04

Հարց

 

Երբեմն տարբեր մասնագիտության բժիշկներ (ուրոլոգ, սեքսոպաթոլոգ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ և այլն) բուժում են նույն հիվանդությունները: Հետևաբար, ինչպե՞ս հիվանդը կողմնորոշվի, թե ո՞ր մասնագիտությամբ բժշկին պետք է դիմել, և ո՞վ է իրավասու տվյալ հիվանդության բուժման համար:

 

Պատասխան

 

Շատ կարևոր հարց է, որը բխում է հիվանդների անտեղկայությունից, սխալ կողմնորոշումից, և ոչ համապատասխան բժիշկ-մասնագետի ընտրությունից: Այս իմաստով կարևոր է թվարկել տարբեր մասնագիտությունների ուսումնասիրման ոլորտները:

 

Այսպես, ուրոլոգիայի մասնագիտական ոլորտն ընդգրկում է տղամարդու և կնոջ միզային համակարգի (երիկամ, միզածորան, շագանակագեղձ, միզապարկ, միզուկ) և տղամարդու սեռական համակարգի (առնանդամ և ամորձիներ) հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը:

 

Սեքսոլոգիան ուսումնասիրում է կնոջ և տղամարդու հոգեբանական սեռական խնդիրները, սեռական դաստիարակության սխալներով պայմանավորված սեռական խանգարումները, սեռական ցանկության խանգարումները, ամուսինների սեռական աններդաշնակության խնդիրները և այլն:

 

Գինեկոլոգիան  բժշկության այն ոլորտն է, որը զբաղվում է կնոջ վերատադրողական օրգանների (արգանդ, հեշտոց, ձվարաններ) հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգոլմամբ: Նրա մի ճյուղն է նաև մանկաբարձությունը (հղիություն, ծննդաբերություն, հետծննդյան շրջան):

 

Մաշկաբանությունն ուսումնասիրում է մաշկի և նրա հավելումների (եղունգ, մազ) հիվանդությունները: Մաշկավեներոլոգը բուժում է  նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ու նրանց մաշկային դրսեվորումները:

 

Ամփոփելով.

 

  • գինեկոլոգը չի բուժում տղամարդու,
  • ուրոլոգը բուժում է և՛ տղամարդու, և՛ կնոջ միզային համակարգի հիվանդությունները,
  • տղամարդու անպտղությունը և շագանակագեղձի հիվանդություններն ուրոլոգիական հիվանդություններ են,
  • սեռական ֆունկցիայի խանգարումերը (հատկապես հոգեբանական) սեքսոլոգիական խնդիրներ են,
  • բժիշկների համագործակցությունն ու նեղ մասնագիտական մոտեցումն օգնում է հիվանդներին` հասնելու լիակատար առողջության:

 

Ընտրիր քո բժշկին