Հնարավո՞ր է խուսափել թլփատումից՝ ֆիմոզի ժամանակ

2017/07/04

Հարց

 

31 տարեկան տղամարդ եմ։ Վերջին շրջանում ունեմ ֆիմոզ։ Հնարավո՞ր է խուսափել թլփատումից։

 

Պատասխան

 

Մանուկների մոտ ֆիմոզը գրեթե անխուսափելի է։ Այս հասակում նրանց թլփատման հարցն անհատական է։ Սակայն, սովորաբար, տարիքի հետ սեռական հասունացման, ձեռնաշարժության և էրեկցիայի հետ միասին այն հաճախ լուծվում է։

 

Մեծահասակների մոտ ֆիմոզը հաճախ կրում է երկրորդային բնույթ և կապված է առնանդամի գլխիկի ու թլիփի մաշկի քրոնիկական բորբոքումների (բալանիտ, բալանոպոստիտ), շաքարային դիաբետի և միզուղիների բորբոքումների հետ։ Հետևաբար, այդ խնդիրների ժամանակին բուժումը կարող է կանխել նրանց բարդությունները, այդ թվում՝ ֆիմոզը։ Իհարկե, գոյություն ունեն բուժական տարբերակներ (հակաբորբոքային, ստերոիդներ և այլն), որի ձախողումից հետո պետք է կիրառել վիրաբուժական եղանակը՝ թլփատումը։ Իսկ վերջինս համարվում է լավագույն բուժման մեթոդը, որն ապահովում է սեռական կյանքի հիգիենան ու մի շարք հիվանդությունների կանխարգելումը։