Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում

2018/07/27

Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են շագանակագեղձի ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև միզապարկի քարերի առկայությունը: Կան նաև այլ պատճառներ, օրինակ` միզուղիների բորբոքային հիվանդությունները։

Պատճառներից են նաև նյարդային ախտահարումները, հատկապես միզապարկի նյարդային վերջույթների, որոնք, սովորաբար, շաքարային դիաբետի ժամանակ են դիտվում:

Իհարկե՛, կան նաև այլ պատճառներ՝ կապված գլխուղեղի որոշ հիվանդությունների, միզապարկի նյարդավորման, որոշակի դեղորայքի օգտագործման (փորկապության համար), միզուկի նեղացման, ինչպես նաև միզապարկի մկանների թուլացման կամ ատոնիայի հետ: Այս պարագայում հիվանդի մոտ առաջանում է միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն:

Այս դեպքում խորհուրդ է տրվում դիմել ուրոլոգի օգնությանը, կատարել համապատասխան հետազոտություններ՝ ճշտել մնացորդային մեզի քանակը, վարակի առկայությունը և պարզել քրոնիկական միզակապության պատճառը: Ախտորոշումը հաստատելուց հետո բժշկի կողմից նշանակվում է համապատասխան բուժում` դեղորայքային կամ վիրահատական:

Որոշ դեպքերում պացիենտներին ցուցված է կատարել ինքնակատետերիզացիա, երբ նա ինքնուրույն տեղադրում է միզային կաթետեր և բաց թողում իր մեզը օրը 3-4 անգամ։
Ամեն դեպքում, մնացորդային մեզը համարվում է կրիտիկական, եթե գերազանցում է 200 մլ և ավելին: Երբեմն վիրահատական միջամտության կարիք է առաջանում:

Քրոնիկական միզակապությունը վարակի տարածման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում, որի դեմ հարկ է պայքարել: Երկարատև քրոնիկական միզակապության կամ միզապարկի ոչ լրիվ դատարկման կամ դրա անտեսելու, չախտորոշելու կամ չբուժելու դեպքում կարող է առաջանալ միզուղիների բորբոքում և անգամ միզապարկից փոխանցվել երիկամներ` առաջացնելով երիկամների բորբոքում (պիելոնեֆրիտ):

Քրոնիկական միզակապությունը կարող է նաև բերել հիդրոնեֆրոզի կամ ուրետրահիդրոնեֆրոզի, երբ միզածորանները և երիկամները սկսում են լայնանալ ու լցվել մեզով: Հաջորդիվ` առաջանում է ազոտեմիայի վտանգ. արյան մեջ բարձրանում է կրեատինինը քանակը, ինչը կարող է բարդանալ քրոնիկական երիկամային անբավարարության զարգացմամբ:

Ուստի, միզապարկի ամբողջությամբ չդատարկվելու զգացողության դեպքում պետք է դիմել ուրոլոգի, կատարել համապատասխան քննություններ և բուժում, երբեմն նաև` վիրահատություն:

 

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ