Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնել շագանակագեղձի հիվանդություններին 40 տարեկանից հետո

2018/04/17

Հարց

 

Ի՞նչ ուրոլոգիական հիվանդություններ կան, որոնց վրա տղամարդը ուշադրություն պետք է դարձնի` հատկապես տարեց հասակում:

 

Պատասխան

 

Տղամարդու ուրոլոգիական եւ հատկապես պրոստատի հետ կապված խնդիրները սկսվում են 40 տարեկանից: Այս իմաստով ուշադրության արժանի են պրոստատի 3 հիվանդությունները: Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է նաեւ ստորին միզուղիների բորբոքումով եւ հաճախ հանդիպում է երիտասարդ ու միջին տարիքի տղամարդկանց մոտ: Ախտանշաններն են` միզապարկի եւ շեքի շրջանում անհարմարավետության զգացումը, ցավերն ու տհաճ զգացողությունը սերմնաժայթքման ժամանակ:

 

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ադենոմա) հանդիպում է 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ եւ արտահայտվում է դժվարամիզությամբ ու միզարձակման արագության նվազմամբ: Իսկ շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքների 10%-ն է կազմում: Այն դասվում է դանդաղ աճող ուռուցքների շարքին: Այս հիվանդության ռիսկի գործոններ են՝ արական սեռական հորմոնները, ժառանգականությունը, սննդակարգում մեծ քանակությամբ ճարպերի առկայությունը եւ այլն: Ի տարբերություն շատ այլ ուռուցքների, այս դեպքում վաղ ախտորոշումը եւ բուժումը հանգեցնում է հիվանդի գրեթե լիարժեք ապաքինմանը: Այս իմաստով տղամարդու կյանքի որակը եւ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ հատկապես 40 տարեկանից հետո տարին մեկ անգամ դիմեն ուրոլոգիական խորհրդատվության, որի ժամանակ մասնագետը կիրականացվի շագանակագեղձի զննում` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, կորոշվի պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (շագանակագեղձի հիվանդությունների եւ հատկապես քաղցկեղի ախտորոշման լավագույն մեթոդն է), անհրաժեշտության դեպքում՝` ՈՒՁ հետազոտություն և  շագանակագեղձի հյուսվածքային քննություն` բիոփսիա: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են պրոստատի հիվանդությունների վաղ ախտորոշմանը եւ բուժմանը, հետեւաբար` տղամարդու առողջության ու կյանքի որակի պահպանմանը: