Հարց
Ձեր հոդվածներում կարդացել եմ «պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենի» մասին. ի՞նչ է դա եւ ի՞նչ նշանակություն ունի պրոստատի հիվանդությունների ժամանակ:
Պատասխան
Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (ՊՍԱ) սերմնահեղուկում առկա սպիտակուց է: Այն արտադրվում է շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից: Էպիթելյալ բջիջները մասնակցում են նաեւ սերմի արտադրմանը: Իսկ ՊՍԱ-ն նպաստում է սերմի հեղուկի ձեւով պահպանմանը: Ընդհանրապես, ՊՍԱ-ն շրջանառության մեջ է մտնում արյան մեջ, եւ նրա որոշումը արյան մեջ կարեւոր է հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար: Վերջինիս դեպքում այն բարձր է լինում:
ՊՍԱ-ն նորմալ է համարվում 0-4նգ/մլ դեպքում: Սակայն այս ցուցանիշից բարձր տվյալները միշտ չէ, որ վկայում է շագանակագեղձի քաղցկեղի մասին: Միաժամանակ, ցածր տվյալի պարագայում բացառված չէ շագանակագեղձի քաղցկեղը: Կան պրոստատի մի շարք հիվանդություններ եւ վիճակներ (շագանակագեղձի ադենոմա եւ քաղցկեղ, պրոստատիտ, շագանակագեղձի բիոփսիա), որոնց ժամանակ եւս բարձրանում է ՊՍԱ-ն:
Տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ է շագանակագեղձի մատնային քննություն, նաեւ անհրաժեշտության դեպքում բիոփսիա` շագանակագեղձի հյուսվածքային հետազոտության նպատակով: Այս իմաստով, իրավամբ, պրոստատիկ անտիգենը համարվում է շագանակագեղձի հիվանդությունների եւ հատկապես քաղցկեղի ախտորոշման լավագույն հետազոտություն: Հետեւաբար, տղամարդկանց համար դա անհրաժեշտ եւ միաժամանակ պարտադիր թեստ է, հատկապես 40 տարեկանից հետո: