Վաղաժամ սերմնաժայթքում

2018/04/10

Հարց

 

42 տարեկան եմ, գանգատվում եմ վաղաժամ սերմնաժայթքումից: Դիմել եմ ուրոլոգի, կատարվել են մի շարք հետազոտություններ և բուժում, սակայն փոփոխություն չի նկատվել: Ի՞նչ անել:

 

Պատասխան

 

Վաղաժամ սերմնաժայթքումը տարածված սեռական խնդիրներից է: Դա տղամարդու այն վիճակն է, երբ անկարող է սերմնաժայթքումը հետաձգել այնքան ժամանակ, որքան ցանկալի է սեռական հարաբերության ժամանակ: Հետեւաբար, վաղաժամ տերմինը սուբյեկտիվ է, քանի որ կան տղամարդիկ, որոնց համար դժվար է սերմնաժայթքման ինքնատիրապետումը դեռ սեռական հարաբերությունը չսկսած, իսկ ոմանց համար վաղաժամ կարող է համարվել տասը րոպե տեւող սեռական ակտը:

 

Ամեն պարագայում, վաղաժամ սերմնաժայթքումը սերմնաժայթքման այն խանգարուներից է, որ հաճախ է նկատվում դեռ սեռական հարաբերության բավարար փորձ չունեցող տղամարդկանց մոտ: Այնուհետեւ, մեծ մասամբ դա կարգավորվում է փորձի ձեռքբերումից հետո: Սեռական վարքը նույնպես կարեւոր է, այսինքն, որքան սեռական հարաբերության հաճախականությունը շատ լինի, այնքան խնդիրը քիչ նկատելի կլինի: Իհարկե, կան որոշ միզասեռական բորբոքային հիվանդություններ, որոնք կարող են սրել վերոնշյալ վիճակը: Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է սեռական հարաբերություն` «start-stop» ձեւով եւ աստիճանաբար սովորել սերմաժայթքումը զսպել: Կարեւոր է նաեւ սեռական հարաբերության հարմար դիրքի ընտրությունը, նաեւ բոլոր այն հիվանդությունների ու բորբոքումների բուժումը, որոնք կարող են պատճառ լինել վաղաժամ սերմնաժայթքման առաջացման: