Տղամարդկանց չբերության պատճառների մասին

2018/03/21

Հարց

 

Ո՞րն է տղամարդկանց չբերության պատճառը:

 

Պատասխան

 

Նախ պետք է ընդգծել, որ թյուր կարծիք է, թե կանայք են անպտղության հիմնական պատճառը: Հավանաբար, այս կարծիքը առաջացել է այն պատճառով, որ կանանց օրգանիզմում են տեղի ունենում բեղմնավորումն ու պտղի զարգացումը: Իրականում տղամարդու գործոնը անպտղության առումով 50% է:

 

Չբերության կապակցությամբ տղամարդու հետազոտությունները սկսում են հիվանդության մասին վերհուշ կատարելով (կրիպտորխիզմ, ճողվածք, խոզուկ, ամորձու հիվանդություններ, սեռական վարակներ, ծխախոտ, ալկոհոլ, դեղորայք և այլն): Անհրաժեշտ է կատարել նաեւ հորմոնային հետազոտություններ (տեստոստերոն, ՖԽՀ, ԼՀ):

 

Վարիկոցելեն (սերմնալարի երակների լայնացում) տղամարդկանց մոտ անպտղության տարածված եւ բուժելի հիվանդություններից է: Այս հիվանդության վիրահատական բուժումը լավացնում է սերմնաբջիջների շարժունակությունը 70%-ով եւ հանգեցնում է հղիության զարգացմանը՝ 40-60% դեպքերում մեկ տարվա ընթացքում: Անպտղության այլ պատճառներից են սերմնածորանի խցանումները, որոնց պատճառով սերմնաբջիջները չեն հասնում շագանակագեղձ: Այս պարագայում եւս հնարավոր է վիրահատական եղանակով վերացնել սերմնածորանի խցանումն ու վերականգնել այն:

 

Գոյություն ունի նաեւ արհեստական սերմնավորում, երբ սերմը լվացվում, խտացվում եւ ներմուծվում է կնոջ օրգանիզմ` անմիջապես, կամ կատարվում է արտաքին սերմավորում ձվաբջջի մեջ: Կան նաեւ սերմնագոյացումը եւ սերմնաբջիջների շարժունակությունը լավացնող տարբեր բուսական, վիտամինային եւ միներալային դեղեր, որոնք որոշ պարագաներում կարող են ունենալ բարերար ազդեցություն: