Գիրությունն ու շագանակագեղձի հիվանդությունները (Obesity and prostate problems)
Գիրությունը միլիոնավոր մարդկանց համար առողջապահական ահագնացող խնդիր է ամբողջ աշխարհում: Այն իր բացասական ազդեցությունն է թողնում ո՛չ միայն սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և նյութափոխանակության համախտանիշի վրա, այլ նաև ուրոլոգիական, մասնավորապես` շագանակագեղձի հիվանդությունների վրա:
Գիրությունը բնութագրվում է մարմնում ճարպի ավելցուկի կուտակմամբ, որը սովորաբար չափվում է մարմնի զանգվածի ինդեքսով (BMI): BMI-ի 30 և բարձր մակարդակը համարվում է գիրության ցուցիչ: Գիրությունը ռիսկային գործոն է մի շարք հիվադությունների, ինչպիսիք են` հիպերտոնիայի, շաքարախի և անոթների ախտահարումը: Վերջին տարիներին մի շարք հետազոտություններ վկայում են նաև գիրության և շագանակագեղձի հիվանդությունների կապի մասին:
Ինչպե՞ս է ազդում գիրությունը շագանակագեղձի վրա։
- Շագանակագեղձի գերաճի (ադենոմա) կապը գիրության հետ բացատրվում է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխություններով (էսթրոգեն, ինսուլին), քրոնիկ բորբոքումով, ինչպես նաև նյութափոխանակության համախտանշով (metabolic syndrome)։
- Գիրության ժամանակ շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ) կապված է իմունային համակարգի փոփոխությունների, արյան շրջանարության խանգարումների և բորբոքային գործընթացի ակտիվության հետ։
- Ճարպակալման ժամանակ շագանակագեղձի քաղցկեղի տարածվածությունը պայմանավորված է հորմոններով, ինչպիսիք են` տեստոստերոնը և ինսուլինանման աճի գործոնը (IGF-1), որոնք ազդում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վրա: Հաճախ գեր տղամարդիկ կարող են ունենալ շագանակագեղձի սպեցիֆիկ հակագենի (PSA) ավելի ցածր մակարդակ, որը կարող է ուշացած ախտորոշման և բուժման պատճառ դառնալ: Ընդհանրապես, գիրությունը կարող է կապված լինել շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի բարձր ռիսկի և մահացության բարձր մակարդակի հետ:
Ամփոփելով
Գիրության կառավարումը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը։ Իսկ առողջ քաշի համար կարևոր է առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, պարբերաբար բժշկական հետազոտությունների կատարումն ու ուրոլոգիական հսկողությունը։