Ինչպե՞ս է ազդում փորկապությունը շագանակագեղձի ախտանշանների վրա

2024/05/22

Փորկապությունը կղազատման ակտի դժվարացումն է կամ ցածր հաճախականությունը (շաբաթական 3 անգամից պակաս), կղանքի պինդ ու չոր լինելն ու անլիարժեք կղազատման զգացումը։ Պատճառներից են՝ մանրաթելերի անբավարար ընդունումը, հեղուկի անբավարար օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, որոշ դեղերի կողմանկի ազդեցությունը և այլն։ Այն օրգանիզմի վրա կարող է ունենեալ տարբեր ազդեցություններ, այդ թվում՝ շագանակագեղձի ախտանիշների վրա, հատկապես շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի կամ պրոստատիտի ժամանակ։

Ինչպե՞ս է ազդում փորկապությունը շագանակագեղձի վրա։

 

  1. Ճնշում։ Ուղիղ աղիքում կղանքի կուտակումը կարող է ճնշել շագանակագեղձը և սրացնել միզարձակման ախտանիշները՝ դժվարամիզությունն ու միզարձակման հոսքի արագությունը։
  2. Միզուղիների ախտանշանների սրացում։ Կղանքի սեղմումը միզուկի շագանակագեղձի հատվածին առաջացնում է հաճախամիզություն, անզուսպ միզարձակման ցանկություն և գիշերամզություն։
  3. Ցավ և դիսկոմֆորտ։ Փորկապության հետևանքով առաջացած ցավը կարող է բարդացնել շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը:
  4. Պրոստատիտի խորացում։ Քրոնիկ պրոստատիտ ունեցող տղամարդկանց մոտ փորկապությունը կարող է խորացնել կոնքի ցավն ու անհանգստությունը:


Ինչպե՞ս կանխել փորկապությունը

 

Փորկապության բուժումը կարող է օգնել մեղմելու վերոնշյալ ախտանիշները և բարելավել շագանակագեղձի առողջությունը: Փորկապությունը կանխելու բնական միջոցներից են․

 

  1. մանրաթելերով հարուստ սննդի ընդունումը (մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն, լոբազգիներ) կարող է նպաստել աղիների կանոնավոր գործունեությանը,
  2. շատ ջուր խմելը կարևոր է կղանքի անցումը հեշտացնելու համար,
  3. ֆիզիկական ակտիվությունը խթանում է աղիների գործունեությունը և կանխում փորկապությունը,
  4. հատուկ ռեժիմի սահմանումը՝ միևնույն ժամին, կանոնավոր,
  5. կղարձակման ժամանակ լրացուցիչ լարումից խուսափումը, քանի որ դա կարող է վատթարացնել կոնքի հատակի խնդիրները:

 

Ամփոփելով

 

Փորկապությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ տղամարդու ընդհանուր ու, մասնավորապես, շագանակագեղձի առողջության վրա։ Հասկանալով փորկապության և շագանակագեղձի ախտանշանների կապը, կարևոր է ուշադրություն դարձնել մարսողական համակարգի, աղիների գործունեությանն և ապրելակերպին՝ բարելավելու առողջությունն ու նվազեցնելու շագանակագեղձի հետ կապված անհանգստությունը: