Շագանակագեղձի արտազատուկ (prostatic fluid)

2024/09/20

Շագանակագեղձի արտազատուկը սերմնահեղուկի առանցքային բաղադրիչն է։ Այն պարունակում է տարբեր տարրեր, որոնք անհրաժեշտ են տղամարդու սեռական և վերարտադրողական առողջության համար:

Ինչի՞ց է կազմված շագանակագեղձի արտազատուկը։

Սպիտակուցներ և ֆերմենտներ։ Հատկապես շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենը (PSA), որը կենսական նշանակություն ունի սերմնահեղուկի ջրիկացման համար և մի շարք ֆերմենտներ կարևոր են սերմնահեղուկի pH-ի հավասարակշռության ու ակտիվության պահպանման համար։

Միներալներ և էլեկտրոլիտներ։  Առավելապես ցինկը և կալիումն առանցքային են սերմնահեղուկի շարժունակության և վերարտադրողական առողջության համար։

Լիպիդներ և շաքարներ։ Կիտրոնաթթուն և ֆրուկտոզան սերմնահեղուկի համար ապահովում են միջավայր ու էներգիա՝ կնոջ օրգանիզմում ներթափանցելու և այնտեղ գոյատևելու համար։

Ջուրը սերմնահեղուկի շարժունակությունն ապահովող հիմնական բաղադրիչն է։

Տղամարդու առողջության համար շագանակագեղձի արտազատուկի նշանակությունը

Շագանակագեղձի առողջություն։ Շագանակագեղձի հեղուկի կազմի կամ արտադրության փոփոխությունները կարող են վկայել այս գեղձի առողջության հետ կապված խնդիրների մասին, ինչպիսիք են պրոստատիտը կամ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան, նույնիսկ` քաղցկեցը։ Հետևաբար, PSA մակարդակի կանոնավոր մոնիտորինգը և ստուգումներն օգնում են հատկապես շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կառավարմանը։

Սեռական ֆունկցիա։ Շագանակագեղձի արտազատուկը զգալիորեն ազդում է սեռական ֆունկցիայի և հաճույքի վրա։ Իսկ շագանակագեղձի տարբեր հիվանդությունները, հատկապես` բորբոքումները, առաջացնելով դիսկոմֆորտ և ցավ,  ազդում են սերմնաժայթքման և սեռական բավարարվածության վրա:

Պտղաբերություն։ Շագանակագեղձի հեղուկի բաղադրությունն ուղղակիորեն ազդում է սերմի որակի և շարժունակության վրա։

Կարևոր է չշփոթել շագանակագեղձի հեղուկը սերմնահեղուկի հետ: Թեև շագանակագեղձի հեղուկը սերմնահեղուկի էական բաղադրիչն է, սակայն սերմնահեղուկը, ինքնին, ամորձիների, սերմնաբշտերի և շագանակագեղձի ընդհանուր արտազատուկների խառնուրդն է։