Պրոստատիտ և հոգեկան առողջություն (prostatitis and mental health)
Շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ), միզարձակման և ցավային ախտանիշներից զատ, ունի նաև ազդեցություն տղամարդու կյանքի որակի և հոգեկան առողջության վրա։
Ո՞րն է պրոստատիտի և հոգեկան առողջության կապը։
Կոնքի ցավային համախտանիշ։ Քրոնիկ պրոստատիտը հաճախ ուղեկցվում է շարունակական կոնքի ցավով, որը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել դիսկոմֆորտ, ինչը խաթարում է տղամարդու առօրյան ու գործունեությունը։ Քրոնիկ ցավը կարող է առաջացնել անօգնականության, հիասթափության և տխրության զգացողություններ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրոնիկ պրոստատիտ ունեցող տղամարդիկ առավել հակված են դեպրեսիայի, զայրույթի և հուզական անկայունության։
Կյանքի որակ։ Տղամարդու կյանքի որակի անկումը պայմանավորված է ցավով, հաճախակի միզարձակումով և սեռական դիսֆունկցիայով։ Նման գանգատները կարող են պատճառ դառնալ քնի խանգարման, անհանգստության, տրամադրության անկայունության, մտածողության դժվարացման, աշխատանքի արդյունավետության և ինքնավստահության նվազման և այլն։
Սեռական դիսֆունկցիա։ Պրոստատիտը կարող է առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա և վաղաժամ սերմնաժայթքում, ինչը բացասական է ազդում տղամարդու սեռական ակտիվության, ինքնագնահատականի, հարաբերությունների, մտերմության և հուզական կապի վրա։
Հոգեբանական գործոններ։ Սթրեսն ու անհանգստությունը կարող են ավելացնել մկանային լարվածությունը, ախտանշանների արտահայտվածությունը, բորբոքային հորմոնների (կորտիզոլ) ակտիվությունը և այլն։
Հոգեսոմատիկ գործոններ։ Պրոստատիտը նաև հոգեսոմատիկ խնդիր է, ուստի առաջացնում է ախտանշանների շրջապտույտ, և նպաստում է հոգեբանական գործոնների ազդեցության ուժեղացմանը՝ մարմնի, մտքի, կենտրոնացման, վարքագծի և այլ վիճակների վրա։
Դեղեր։ Պրոստատիտի բուժման համար կիրառվող որոշ դեղեր, ինչպիսիք են հակաբիոտիկները կամ ալֆա-պաշարիչները, կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ (տրամադրության փոփոխություն, հոգնածություն, քնկոտություն, սեռական դիսֆունկցիա), որոնք ազդում են հոգեկան առողջության վրա։
Անորոշություն և վախ։ Պրոստատիտի ախտորոշմամբ տղամարդիկ կարող են վախենալ լուրջ առողջական բարդություններից, ինչպիսին է շագանակագեղձի քաղցկեղը։ Այս վախը կարող է ավելացնել սթրեսն ու անհանգստությունը, ինչպես նաև խորացնել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։
Ամփոփելով` պրոստատիտը և հոգեկան առողջությունը սերտորեն փոխկապակցված են: Քրոնիկ ցավը, սեռական դիսֆունկցիան և սթրեսը կարող են բացասական ազդեցություն ունենալ տղամարդու հոգեկան առողջության վրա` խորացնելով անհանգստությունն ու դեպրեսիան: Հետևաբար, տղամարդու առողջության և բարեկեցության համար շատ կարևոր է պրոստատիտի ֆիզիկական և հոգեբանական նման փոխկապակցության մասին իմացությունն ու կառավարումը։