Ինչպե՞ս պահպանել շագանակագեղձի առողջությունը

2026/05/13

Շագանակագեղձը փոքր գեղձ է, բայց նրա ազդեցությունը տղամարդու կյանքի որակի վրա շատ մեծ է։ Այն մասնակցում է սերմնահեղուկի կազմավորմանը, սերմնաժայթքման, միզարձակման և այլ կարևոր գործընթացներին։ Տարիքին զուգահեռ այս օրգանի հետ կապված գանգատները կարող են դառնալ տղամարդու ամենահաճախ քննարկվող առողջական խնդիրներից մեկը։ 40–50 տարեկանից հետո շատ տղամարդիկ սկսում են նկատել գիշերային հաճախամիզություն, միզարձակման թույլ շիթ, միզապարկը լիովին չդատարկելու զգացողություն կամ դիսկոմֆորտ։ Սակայն կարևոր է գիտակցել, որ շագանակագեղձի առողջությունը պետք չէ հիշել միայն այն ժամանակ, երբ արդեն կա խնդիր։

Վերջին տարիներին շագանակագեղձի առողջության մասին մոտեցումը փոխվել է։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը դրվում էր միայն մեծացած շագանակագեղձի կամ քաղցկեղի հայտնաբերման վրա, այսօր բժշկությունը ավելի շատ խոսում է ռիսկերի խելացի գնահատման, բորբոքային պրոցեսների վերահսկման, կենսակերպի և անգամ աղիքային միկրոբիոմի ազդեցության մասին։ Եվրոպական ուրոլոգիական ուղեցույցները շեշտում են, որ շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը պետք է լինի ռիսկի վրա հիմնված, ոչ թե պարզապես սկրինինգային հետազոտում։ PSA քննությունը կարևոր գործիք է, բայց այն պետք է մեկնաբանվի տղամարդու տարիքի, ընտանեկան պատմության, ախտանշանների և անհրաժեշտության դեպքում ՄՌՏ հետազոտության հետ միասին։ Այսօր ավելի շատ է կիրառվում MRI-directed մոտեցումը, երբ բարձր PSA-ի դեպքում ՄՌՏ-ն օգնում է ավելի ճիշտ որոշել շագանակագեղձի բիոպսիայի հարցը։

Շագանակագեղձի բարորակ մեծացումը նույնպես միայն տարիքային հարց չէ միայն։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ նյութափոխանակության խանգարումները, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, քրոնիկ բորբոքումը և սննդակարգը կարող են ազդել ստորին միզուղիների ախտանշանների վրա։ Վերջին ուսումնասիրությունները քննարկում են նաև աղիքային միկրոբիոմի դերը։ Աղիքային բակտերիաների անհավասարակշռությունը կարող է խթանել համակարգային բորբոքումը, իսկ բորբոքային ֆոնը կարող է կապ ունենալ շագանակագեղձի հիվանդությունների հետ։ Այս ուղղությունը դեռ զարգացող գիտական դաշտ է, բայց արդեն հուշում է, որ շագանակագեղձը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ ամբողջ օրգանիզմի առողջության համատեքստում։

Ի՞նչ կարող է անել տղամարդը գործնականում։

Քաշի կառավարում։ Որովայնային ճարպակալումը կապված է ինսուլինակայունության, ցածր աստիճանի բորբոքման և հորմոնալ փոփոխությունների հետ, որոնք կարող են վատացնել միզարձակման խնդիրները։

 

Ակտիվ կենսակաերպ։ Կանոնավոր քայլքը, ուժային վարժությունները և երկար նստելուց հրաժարումը կարող են դրական ազդեցություն ունենալ միզուղիների, սրտանոթային և նյութափոխանակային առողջության վրա։

 

Առողջ սննդակարգ։ Սնունդը պետք է դարձնել հակաբորբոքային։ Հետևաբար շատ բանջարեղեն, լոբազգիներ, ընկույզ, ձուկ, ձիթայուղ, բավարար բջջանյութ, քիչ վերամշակված մթերք և քիչ շաքար։ Սա ոչ թե «շագանակագեղձի դիետա» է, այլ տղամարդու ընդհանուր առողջությունը պահպանող համակարգ։

 

Կարևոր է։ Չանտեսել ջրի օգտագործումը, քունը և սթրեսը։

 

Շատ տղամարդիկ գիշերը հաճախ են արթնանում միզելու համար, բայց պատճառը միշտ չէ, որ միայն շագանակագեղձն է․ երբեմն դեր ունեն երեկոյան շատ հեղուկ խմելը, ալկոհոլը, քնի խանգարումները կամ միզապարկի գերակտիվությունը։ Այդ պատճառով ինքնուրույն դեղ ընդունելը կամ ախտանշանները «տարիքի հետ նորմալ» համարելը սխալ մոտեցում է։

Ուրոլոգին դիմելը պետք է դիտել ոչ թե որպես վախի քայլ, այլ որպես կանխարգելման մշակույթ։ Եթե տղամարդն ունի հաճախակի միզարձակում, թույլ շիթ, ցավ, արյունամիզություն, ընտանեկան պատմություն կամ 45–50 տարեկանից բարձր է, արժե քննարկել անհատական ստուգման պլանը։ Շագանակագեղձի առողջությունը պահպանվում է ոչ թե մեկ հրաշք դեղով, այլ խելացի հետևողականությամբ՝ ճիշտ հետազոտություն, ճիշտ կենսակերպ և ժամանակին մասնագիտական խորհրդատվություն։

 

urolog.am — Առաջին հայկական ուրոլոգիական կայք։