Ֆանտազիաներով պայմանավորված կախվածություն (Fantasy-based addiction)

2026/04/08

Սա սեքսուալ վարքի այն ձևերից է, երբ մարդը հիմնականում «ապրում է» իր երևակայության մեջ։ Նա հաճախ ունի ինտենսիվ սեքսուալ ֆանտազիաներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են մասամբ կամ ամբողջությամբ փոխարինել իրական հարաբերությանը։

 

Նեյրոբիոլոգիական տեսանկյունից, այս գործընթացում ակտիվանում է նույն դոպամինային համակարգը, ինչ իրական սեքսի ժամանակ։ Արդյունքում ֆանտազիան դառնում է արագ և հեշտ հասանելի հաճույքի աղբյուր։ Սակայն երկարաժամկետ իմաստով, դա կարող է նվազեցնել հետաքրքրությունը իրական հարաբերությունների նկատմամբ և խորացնել միայնության կամ հուզական հեռացման զգացումը։

 

Կարևոր է հասկանալ, որ սա հաճախ ֆանտազիաներով պայմանավորված կախյալությունը կապված է ոչ թե սեքսուալ կարիքի, այլ՝ հույզերի կարգավորման հետ։ Շատ դեպքերում ֆանտազիան օգտագործվում է որպես մեխանիզմ՝ սթրեսից, լարվածությունից կամ ներքին դատարկության զգացումից «փախչելու» համար։

 

Տղամարդու ֆանտազիա

 

Այս երևույթը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, ինչը մասամբ բացատրվում է տեսողական գրգռիչների նկատմամբ ավելի բարձր զգայունությամբ և ակտիվ սեքսուալ ֆանտազիաների համակարգով։ Այն առավել տարածված է դեռահասության և վաղ երիտասարդության շրջանում, երբ սեքսուալ հետաքրքրությունը բարձր է, իսկ իրական փորձառությունը՝ սահմանափակ։

Միևնույն ժամանակ, ֆանտազիաներով պայմանավորված վարքը կարող է դիտվել նաև ամուսնացած տղամարդկանց մոտ։ Այս դեպքում խնդիրը սովորաբար կապված չէ սեքսի բացակայության հետ, այլ՝ հարաբերության որակի։ Միօրինակությունը, հուզական հեռավորությունը, սթրեսը կամ հոգնածությունը կարող են նպաստել նրան, որ ֆանտազիան դառնա «արագ փախուստ»՝ առանց ջանքի կամ մերժման։ Սակայն երկարաժամկետ դա կարող է թուլացնել հետաքրքրությունը իրական զուգընկերոջ նկատմամբ և խորացնել զույգերի հարաբերության խնդիրները։

 

Կնոջ ֆանտազիա

 

Կանանց մոտ այս երևույթը հաճախ ունի այլ բնույթ։ Ֆանտազիան այստեղ ավելի շատ կապված է հուզական կարիքների հետ, քան սեքսուալ։ Կարող է առաջանալ այն իրավիճակներում, երբ կինը հարաբերության ընթացքում չի ստանում բավարար ուշադրություն, մտերմություն կամ գնահատվածություն զգացում։ Այսպիսով, կանանց մոտ հաճախ խոսքը «հույզերի ֆանտազիայի» մասին է, ոչ միայն սեքսուալ։

 

Վերջապես, կարևոր է շեշտել, որ խնդիրը ինքնին ֆանտազիան չէ։ Ֆանտազիան նորմալ և առողջ սեքսուալության մաս է։ Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ այն դառնում է հիմնական կամ միակ աղբյուրը հաճույք ստանալու և «փոխարինում» է իրական ինտիմ կյանքին։