Վաղաժամ սերմնաժայթքում և կնոջ սեռական առողջություն

2017/06/22

Սեռական առողջությունն ու գոհունակությունն ունեն մեծ կարևորություն մարդու առողջության և կյանքի որակի համար: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բնորոշմամբ՝ «սեռական կյանքը մարդու գոյատևման առանցքն» է:

 

Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (premature ejaculation) մեծ տեղ է զբաղեցնում տղամարդու սեռական խնդիրների շարքում: Դա առնանդամի նվազագույն ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

 

Վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց բնորոշ է ամոթխածությունը, դյուրագրգռությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը և այլն:

 

Տղամարդու սեռական խանգարումները, մասնավորապես, վաղաժամ սերմնաժայթքումը կարող է բերել կանանց սեռական անգոհունակության` բացասական ազդելով սեռական ցանկության, գրգռվածությանն և օրգազմի վրա:

 

ՎՍ զույգերի միջև առաջանում են զայրույթի, ճնշվածության և անհանդուրժողականության զգացումներ: Այս ամենը կարող է հանգեցնել ոչ կայուն հարաբերությունների, կոնֆլիկների և, նույնիսկ, ամուսնալուծության:

 

Ինչպե՞ս են կանայք վերաբերվում իրենց զուգընկերների վաղաժամ սերմնաժայթքմանը

 

Երիտասարդ և անփորձ կանայք սկզբնական շրջանում, սովորաբար, հանգիստ են ընդունում այս փաստը, քանի որ զուգընկերների երկրորդ կամ երրորդ սեռական ակտի միջոցով, ամեն դեպքում, հաջողվում է համեմատաբար երկարատև հարաբերություն ունենալ ու հասնել օրգազմի: Հակառակ դեպքում նրանք նույնպես կարող են անբավարար լինել և աստիճանաբար կորցնել սեռական ցանկությունն ու հետաքրքրությունը:

 

Միջին տարիքում, սովորաբար, կանայք խուսափում են այս խնդրի արծարծումից՝ զուգընկերոջը ցավ կամ զայրույթ չպատճառելու և ընտանեկան անդորրը պահպանելու համար: Բայց սա վերաբերվում է հատկապես սեռական խնդիրներ ունեցող կամ ոչ սեքսուալ կանանց: Մնացած դեպքերում կանայք փորձում են վաղաժամ սերմնաժայթքման հարցը բարձրացնել ու լուծումներ գտնել:

 

Փորձառու կանայք, որոնց համար սեքսը շատ հաճելի է և ունի մեծ նշանակություն, նրանք չեն ընդունում տղամարդու տվյալ խանգարումը: Այս պարագայում՝ սերը, սոցիալական դիրքը, կարիերան, փողը, հովանավորչությունը և երեխաները կարող են զսպել նմանօրինակ կանանց սեռական ցանկությունները: Սակայն, վաղ թե ուշ, նրանք կփորձեն հաղթահարել այս խնդիրը, և, նույնիսկ, իրենց սեռական կարիքները բավարարելու համար կարող են դիմել այլ միջոցների:

 

Հետդաշտանադադարային տարիքի կանանց համար, ովքեր տառապում են հորմոնային անբավարարությամբ (որին բնորոշ է հեշտոցի չորությունը, սեռական ցանկության և գրգռվածության նվազումը), այս դեպքում նրանց հաճախ ուրախացնում է ամուսնու վաղաժամ սերմնաժայթքումը, քանի որ ազատվում են տանջալից ու ցավոտ հարաբերությունից:

 

Ինչո՞ւ են կանայք կարևորում սերմնաժայթքման խանգարումը

 

Մեծավ մասամբ կանայք կարևորում են տղամարդու սեռական ու հատկապես սերմնաժայթքումը վերահսկելու կարողությունը: Հետևաբար, նրանք անհանգստանում են վաղաժամ սերմնաժայթքման առկայության դեպքում:

Հետազոտությունների արդյունքում պարզել են կնոջ վերոնշյալ անհանգստության պատճառները.


• զուգընկերոջ ուշադրության պակաս՝ կնոջ սեռական կարիքների նկատմամբ (48%),
• պենետրացիայի և սերմնաժայթքման միջև կարճ ժամանակահատվածը(40%),
• սերմնաժայթքման վերահսկման բացակայությունը (24%),
• զուգընկերոջ լարվածությունը (20%),
• այլ (16%):

 

Ինչպիսի՞ն է կնոջ վերաբերմունքը սեռական ֆունկցիային

 

Գիտական հարցումների արդյունքում՝ կանանց մոտ 78%-ը տառապում է սեռական ցանկության նվազումից և սեռական անբավարարությունից: Այս խմբի կանանց մոտ 80%-ը հաստատել է, որ ձեռք է բերել այս խնդիրները վաղաժամ սերմնաժայթքմամբ տառապող իրենց զուգընկերների հետ հարաբերության ընթացքում, 64%-ը՝ հարաբերության սկզբում, և 36%-ը՝ նախօրոք:

 

Կանանց 70%-ը կարևորել է սեքսի մեջ ոչ միապաղաղությունը, հաճելիությունն ու «նորարարությունները», 50%-ը՝ սեքսի տևողությունը: Սեռական ակտի տեւողության մասին հաստատուն տվյալներ չկան: Միջին տեւողությունը կազմում է 20-25 րոպե: Հարցին, թե ինչո՞ւ են կանայք կարևորում սեքսի տեվողությունը, նրանց մոտավորապես 60%-ը պատասխանել է, որ ժամանակը կարևոր է օրգազմի հասնելու համար, իսկ 60%-ը հաստատել է, որ ժամանակը կարևոր է մտերմիկ հարաբերություն ստեղծելու համար: Հարցման մասնակից կանանց 3%-ն ընդհանրապես օրգազմ չի ունեցել, 7%-ը դժվարացել է հարաբերություն ունենալ, իսկ 5%-ը դժվարացել է հարաբերություն ունենալ տվյալ զուգընկերոջ հետ:

 

Ամփոփում

 

Շատ հաճախ կանայք ընդունում են իրենց ամուսինների վաղաժամ սերմնաժայթքման փաստը: Սակայն ամուսնական հարաբերության խզման հիմնական պատճառն առավել հաճախ կապված է տղամարդու կողմից կնոջ սեռական կարիքների նկատմամբ անտարբերության և անտեսման հետ:


Շատ կարևոր է տղամարդու տեղեկատվությունը՝ կնոջ սեռական կյանքի, ցանկության, ֆունկցիայի, ակնկալիքների, ինչպես նաև սերմնաժայթքման կարգավորման կարևորության մասին: Իսկ կնոջ համար կարևոր է տղամարդու սերմնաժայթքման խնդիրների վերհանումը, զուգընկերոջ բժշկի դիմելու քաջալերումն ու հուսադրումը:

 

Քանի որ տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման և կնոջ սեռական անբավարարության միջև կա ուղիղ համեմատական կապ, ապա շատ կարևոր է կնոջն ընդգրկել տղամարդու սերմնաժայթքման խնդիրների բացահայտման և բուժման գործընթացում: Փաստ է, որ այդ կանանց մեծ մասը կարող են ձեռք բերել նաև սեռական խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, ներքին ներդաշնակության, կյանքի որակի, ընդհանուր և սեռական գոհունակության վրա: Հետևաբար, միաժամանակ համալիր մոտեցում պետք է ցուցաբերել և՛ տղամարդու սերմնաժայթքման, և՛ կանանց սեռական խնդրիներին:

 

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ