Սպերմայի միկրոբիոմը և դրա ազդեցությունը սերմի վրա

2024/10/04

Նախկինում ենթադրվում էր, որ սերմնահեղուկը միկրոբներից զերծ հեղուկ է և նրանում հայտնաբերված ցանկացած մանրէ վարակի նշան է: Սակայն վերջին տասնամյակի հետազոտությունները ցույց են տալիս, որ սերմնահեղուկն ունի իր սեփական միկրոբիոմը, ինչպես, օրինակ՝  աղիքային և հեշտոցային միկրոբիոմները:

 

Սպերմայի միկրոբիոմը (միկրոօրգանիզմների հավաքածուն) կարող է ազդել տղամարդու սերմի որակի և պտղաբերության վրա։

 

Ինչի՞ց է կազմված սերմի միկրոբիոմը։

 

Մարդու վերարտադրողական համակարգում կան տարբեր միկրոօրգանիզմներ՝ բակտերիաներ, սնկեր և վիրուսներ, որոնք միասին կոչվում են միկրոբիոմ։ Տղամարդկանց մոտ սպերմայի միկրոբիոմը կարող է տարբեր լինել՝ կախված տարիքից, կենսակերպից, հիգիենայից և վարակներից։ Սերմնահեղուկում առավել հաճախ հայտնաբերվող բակտերիաները ներառում են Staphylococcus, Streptococcus, Corynebacterium և Lactobacillus։ Սակայն անպտղության դեպքերում հաճախ հանդիպում են ախտածին բակտերիաներ, ինչպիսիք են` Escherichia coli, Mycoplasma և Ureaplasma և այլն։

 

Ինչպե՞ս է ազդում միկրոբիոմը սերմի պարամետրերի վրա։

 

Սերմում բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների առկայությունը կարող է ազդել սպերմայի  շարժունակության, մորֆոլոգիայի և խտության վրա։

 

Սպերմայի շարժունակություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոբիոմի անհավասարակշռությունը (դիսբիոզ) կարող է հանգեցնել շարժունակության նվազմանը։ Օրինակ՝ Escherichia coli բակտերիաները կարող են արտադրել տոքսիններ և ակտիվացված թթվածնային մասնիկներ, որոնք վնասում են սպերմայի թաղանթը՝ խանգարելով շարժունակությունը։

 

Սպերմայի մորֆոլոգիա: Սպերմայի մորֆոլոգիան վերաբերում է սպերմատոզոիդների չափին ու ձևին։ Որոշ միկրոօրգանիզմներ նպաստնում են մորֆոլոգիական շեղումներին։

 

Սպերմայի խտություն: Սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակը կարող է բակտերիաների բորբոքային գործընթացները խթանելու հետ կապ ունենալ։

 

Միկրոբիոմի ազդեցության մեխանիզմները։

 

Բորբոքում: Վնասակար միկրոօրգանիզմների առկայությունը կարող է առաջացնել իմունային պատասխան՝ առաջացնելով բորբոքում վերարտադրողական համակարգում։ Սա կարող է վնասել սպերմատոզոիդներին և խանգարել նորմալ սպերմատոգենեզին։

 

Թթվածնային սթրես: Ախտածին բակտերիաները կարող են բարձրացնել թթվածնային մասնիկների քանակը, որոնք վնասում են սպերմատոզոիդների ԴՆԹ-ն և սպերմայի որակը։

 

Բիոֆիլմերի կազմություն: Որոշ բակտերիաներ կարող են ձևավորել բիոֆիլմեր, որոնք արտադրում են վնասակար նյութեր և խանգարում շարժմանը։

 

Չնայած որոշ միկրոօրգանիզմներ վնասակար են, կան նաև օգտակար բակտերիաներ, որոնք կարող են պաշտպանական դեր խաղալ։ Օրինակ՝ Lactobacillus տեսակի բակտերիաները կարող են կարգավորել իմունային պատասխանը և պաշտպանել ախտածին միկրոբներից։

 

Միկրոբիոմի անհավասարակշռությունների և վարակների ախտորոշումը կարևոր է անպտղության պատճառների հայտնաբերման համար։

 

Սպերմայի միկրոբիոմը դեռ ուսումնասիրման փուլում է։ Նոր հետազոտությունները կարևոր են` բացահայտելու պտղաբերության վրա միկրոօրգանիզմների ազդեցությունը։