Որո՞նք են էսթրոգենի բարձր մակարդակի ախտանիշները տղամարդու մոտ

2024/10/24

Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում:

Կարևոր է այս երկու հորմոնների հավասարակշռությունը, ինչի խախտումն անմիջական ազդեցություն ունի տղամարդու առողջության վրա: Տղամարդու մոտ էսթրոգենի բարձրացման դեպքում նվազում է տեստոստերոնի մակարդակը, որի հետևանքով առաջանում եմ մի շարք ախտանշաններ։

 

Որո՞նք են բարձր էսթրոգենի ախտանիշները տղամարդկու մոտ:

 

Գինեկոմաստիա: Գինեկոմաստիան տղամարդու կրծքագեղձի մեծացումն է: Էսթրոգենի և տեստոստերոնի անհավասարակշռության դեպքում բարձրանում է էսթրոգենի մակարդակի, ինչը հանգեցնում է գինեկոմաստիայի առաջացման:

Անպտղություն: Էսթրոգենի մակարդակի բարձրացման դեպքում սերմնահեղուկի քանակը նվազում է, ինչը տղամարդու մոտ կարող է առաջացնել անպտղություն։

Այտուց։ Բարձր էսթրոգեն ունեցող տղամարդիկ կարող են ունենալ այտուցված ձեռքեր կամ ոտքեր:

Շաքարային դիաբետ 2 տիպ: Էսթրոգենի բարձր մակարդակը տղամարդու մոտ ավելացնում է շաքարային դիաբետի ռիսկը։

Հոգեբանական խնդիրներ։ Էսթրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել դեպրեսիայի, անհանգստության, նյարդայնության, հոգնածության, անքնության և այլ փոփոխությունների:

Էրեկտիլ դիսֆունկցիա: Տվյալ դեպքում տղամարդու մոտ առաջանում է սեռական ցանկության նվազում և էրեկցիայի խանգարաման ախտանշաններ։

Կանացի տիպի ճարպակալում: Էսթրոգենի բարձր մակարդակը տղամարդու մոտ դանդաղեցնում է ճարպի այրումը և նպաստում նրա կուտակմանը՝ կրծքավանդակում, կոնքերում, ազդրերում և թևերում:

Շագանակագեղձի մեծացում: Տարիքի հետ` էսթրոգենի մակարդակը բարձրանում է, ինչը բերում է շագանակագեղձի գերաճի:

Սրտանոթային հիվանդություններ: Բարձր էսթրոգեն ունեցող տղամարդկանց մոտ  սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է:

 

Որո՞նք են էսթրոգենների մակարդակն իջեցնելու բնական միջոցները։  

 

  • Սննդակարգի փոփոխություն,
  • ֆիզիկական ակտիվություն,
  • քաշի կառավարում և ճարպակալման նվազում,
  • էնդոկրին համակարգի խանգարմանը նպաստող գործոնների կարգավորում,
  • սթրեսի կառավարում: