ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ուրոլոգիան` բժշկագիտության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է միզուղիների հիվանդությունները, ինչպես նաև... տղամարդու սեռական և վերարտադրողական համակարգերը: Ուրոլոգը կատարում է երիկամի, միզածորանի, շագանակագեղձի, միզապարկի, միզուկի, ինչպես նաև առնանդամի և ամորձիների հիվանդությունների բուժական և վիրաբուժական միջամտություններ:

Անպտղությունը, միզուղիների բորբոքումները, սեռավարակները, սեռական ֆունկցիայի խանգարումները, միզաքարային հիվանդությունը, անմիզապահությունը և ուրոլոգիական քաղցկեղը կարևոր մաս են կազմում ուրոլոգիական հիվանդությունների մեջ: Երեխաների ուրոլոգիական հիվանդություններից են` կրիպտորխիզմը, էնուրեզը, միզապարկ-միզածորանային ռեֆլուքսները, սեռական օրգանների բնածին անոմալիաները, ևալն …:

Գոյություն ունեն ուրոլոգիական բաց, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ և ռոբոտային վիրահատական եղանակներ: Էնդո-ուրոլոգիան, դա ուրոլոգիական վիրաբուժության այն ճյուղն է, որի միջոցով կատարվում են “փակ” վիրահատություններ և միջամտություններ : Այս մեթոդով կատարվում են միզուկի, շագանակագեղձի, միզապարկի, միզածորանների, ինչպես նաև երիկամի վիրահատություններ: Այսպիսի վիրահատությունների շարքին են դասվում` միզուկի նեղացումների հատումները, շագանակագեղձի ներմիզուկային մասնատումները ՇՏՈՒՌ, միզապարկի վզիկի հատումները, միզապարկի ուռուցքների մասնատումները, միզածորանի կատետերիզացիաները, միզուղիների քարափշրումը, քարերի հեռացումը ևալն:

Տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության, և մասնավորապես` միզասեռական և վերարտադրողական խնդիրների լուսաբանման կարևորությունը, ինչպես նաև առաջին անգամ այն հայերեն լեզվով մեր հանրության ներկայացնելու ցանկությունը` մեզ մղեց www.urolog.am -ի ստեղծմանը: