Մարմնի հոտ

2023/04/11

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով:

Սովորաբար, քրտինքն անհոտ է, բայց երբ միախառնվում է մաշկի վրա վրա գտնվող մանրէների հետ, սկսում է հոտ գալ: Երբեմն մարդը կարող է շատ քրտնել, բայց` առանց հոտի։ Իսկ երբեմն քիչ քանակությամբ քրտինքն անգամ կարող է հոտ առաջացնել, ինչը պայմանավորված է մաշկի վրա գտնվող մանրէների տեսակով, և քրտինքի հետ նրանց փոխազդեցությամբ:

Քրտնագեղձերը լինում են երկու տեսակի՝ էկրին և ապոկրին: Էկրինային գեղձերը ծածկում են մարմնի մեծ մասը, ներառյալ` ափերն ու ներբանները: Իսկ ապոկրին գեղձերը բացվում են մազերի ֆոլիկուլների մեջ և հատկապես տեղակայված են աճուկային հատվածներում ու թեւատակերում: Այս գեղձերի արտադրած քրտինքը սովորաբար ունի հոտ։

Որո՞նք են մարմնի հոտ առաջացնող պատճառները։

Մարմնի հոտն առաջանում է մաշկի մանրէների և քրտինքի շփման արդյունքում: Քրտինքի հեղուկային մասը, աղը և ճարպը խառնվում են մաշկի մանրէների հետ` արդյունքում  առաջացնելով վատ հոտ: Հոտ առաջացնող գործոններն են՝ սնունդը, հորմոնները, դեղերը, սննդային հավելումները և այլն:
Կան մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել մարմնի հոտի վրա, որոնցից են՝ սթրեսը, անհանգստությունը, զինվորական ծառայությունը, տաք եղանակը, ավելորդ քաշը, գենետիկան, իսկ, օրինակ,  հիվանդություններից՝ վարակները, շաքարային դիաբետը, պոդագրան, վահանաձև գեղձի, լյարդի հիվանդությունները և այլն։

Հորմոններ և մարմնի հոտ

Կնոջ մարմնի հոտի փոփոխություն կարող է նկատվել հատկապես դաշտանային ցիկլի կեսին, ինչպես նաև հղիության և դաշտանադադարի շրջանում։ Հորմոնալ փոխությունները կնոջ մոտ առաջացնում են ավելորդ քրտնատադրություն և հոտ։

Սննդաթերք և մարմնի հոտ

Սնունդը նույնպես կարող է մարմնի հոտի պատճառ լինել` հատկապես ծծմբով հարուստ սնունդը, որի արտազատման արդյունքում քրտինքը տհաճ հոտ է ունենում: Ծծմբով հարուստ մթերքի օրինակներն են՝ սոխը, սխտորը, կաղամբը, ծաղկակաղամբը, միսը և այլն, սննդային այլ պատճառներից են՝ կոֆեինը, սուր համեմունքները, ալկոհոլը։

Ինչպե՞ս ազատվել մարմնի հոտից։

  1. Հետևել անձնական հիգիենային, մաքուր պահել մաշկը՝ ամենօրյա լոգանք ընդունելով և հակաբակտերիալ օճառ օգտագործելով, ուշադրություն դարձնել հատկապես թևատակերին և աճուկային հատվածներին։
  2. Թևատակերը հարկ է սափրված պահել` քրտինքն արագ գոլորշիանալու և մանրէների հետ շփումը նվազագույնի հասցնելու համար: Ի դեպ, մազերը կարող են նաև նպաստել մանրէների աճին:
  3. Պարբերաբար փոխել հագուստը, ներքնազգեստն ու կրծքկալը, նախընտրել բամբակից պատրաստված ազատ հագուստ:
  4. Օգտագործել տեղային հակաքրտինքային միջոցներ (դեզոդորանտ, քսուք)։
  5. Խուսափել այնպիսի մթերքի (սոխ, սխտոր, ալկոհոլ) օգտագործումից, որոնք վատացնում են մարմնի հոտը:
  6. Նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը։
  7. Բուժել մաշկային ախտահարումները:
  8. Օգտագործել բնական տեղային միջոցներ՝ խմորի սոդա, կանաչ թեյ, խնձորի քացախ, կիտրոնի հյութ և այլն։


Ուշադիր լինել և դիմել մասնագետի օգնությանը,

  • երբ քրտնարտադրությունն առատ է՝ անկախ տաք միջավայրից կամ ֆիզիկական ակտիվությունից,
  • երբ քրտինքը խանգարում է առօրյա կյանքին,
  • երբ առկա է գիշերային քրտնարտադրություն կամ մաշկը մշտապես խոնավ է,
  • երբ առկա են մաշկային ախտահարումներ մարմնի քրտնելու հակված հատվածներում,
  • երբ առկա է մարմնի քաղցր կամ մրգային հոտ, որը կարող է վկայել շաքարախտի մասին,
  • երբ մարմնի հոտը նման է լվացքը սպիտակեցնող նյութերի հոտին, ինչը կարող է վկայել լյարդի կամ երիկամների հիվանդության մասին: