Որո՞նք են սոցիալական լուբրիկանտները

2021/09/17

Սոցիալական լուբրիկանտ (Social lubricants) տերմինը վերաբերում է որևէ ուտելիքի, խմիչքի, դեղորայքի կամ ակտիվության, ինչն օգնում է մարդկանց ավելի հարմարավետ ու հանգիստ շփվել միմիանց հետ։

 

Սոցիալական լուբրիկանտները տարբեր հասարակություններում օգտագործվում են մարդկանց միջև մտերմություն հաստատելու համար։

 

Լուբրիկանտներ են՝ ալկոհոլային խմիչքները, սուրճը, թեյը, ծխախոտը (նարգիլե), հումորը, կարճատև զրույցները կամ քննարկումները և այլն։

 

Ալկոհոլը, որպես սոցիալական լուբրիկանտ, շատ կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր մշակույթներում Նոր քարի դարից սկսած (մոտավորապես 4000 մ.թ.ա.) մինչև մեր օրերը: Ալկոհոլը, որպես սոցիալական մտերմացնող, ինչպես նաև` հարբեցնող միջոց, ամենատարածվածն է եղել բոլոր հասարակություններում։

 

Շատ հաճախ ալկոհոլն օգտագործվում է որպես տոնակատարության կարևոր բաղադրիչ կամ սթրեսը հաղթահարելու լավագույն միջոց։ Պատմության ընթացքում ալկոհոլի օգտագործումն արգելելու փորձերը երբեք չեն հաջողվել` բացառությամբ որոշ խիստ կրոնական մշակույթներում:

 

Որո՞նք են ալկոհոլի սոցիալական օգտագործման առիթները:

 

Բոլոր հասարակություններում ալկոհոլային խմիչքները օգտագործվել են որպես սոցիալական հարաբերություններ ստեղծելու կամ, նույնիսկ, շահարկելու համար։

 

Այս իմաստով ալկոհոլային խմիչքներն օգտագործվում են 4 հիմնական առիթներով.

 

  1. սոցիալական իրավիճակների կամ իրադարձությունների բնույթը սահմանողներ,
  2. սոցիալական կարգավիճակի ցուցանիշներ,
  3. պատկանելիության հայտարարություններ,
  4. սեռերի տարբերակիչ:

 

Ինչպե՞ս է ազդում ալկոհոլը սոցիալական վարքագծի վրա:

 

Ալկոհոլ օգտագործելն ակնհայտորեն կարևոր ազդեցություն ունի սոցիալական վարքագծի վրա, ինչպիսիք են` ագրեսիայի աճը, ինքնաբացահայտումը, սեռական արկածախնդրությունը և այլն: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ազդեցությունները կարող են բխել այն համոզմունքներից, որոնք մենք ունենք ալկոհոլի ազդեցության վերաբերյալ: Քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է ալկոհոլն` ինքնին, ազդում այդ վարքագծերի վրա:

 

Ալկոհոլը յուրաքանչյուր հասարակության վրա կարող է ունենալ տարբեր վարքագծային ազդեցություն։ Օրինակ. Մեծ Բրիտանիայում, Սկանդինավիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում ալկոհոլի չարաշահումն ունի բռնության և հակահասարակական վարքի դրսևորումներ, իսկ Միջերկրածովյան և Հարավային Ամերիկայի որոշ մշակույթներում՝ խաղաղ և ներդաշնակ վարքագիծ: Վարքագծի այսպիսի տատանումները պայմանավորված չեն ալկոհոլի սպառման մակարդակների կամ գենետիկ տարբերություններով, այլ ալկոհոլի վերաբերյալ մշակութային համոզմունքների, նրա ազդեցության և սոցիալական նորմերի ակնկալիքների հետ են կապված: Նրա ազդեցությունը վարքի վրա որոշվում է սոցիալական և մշակութային գործոններով, այլ ոչ էթանոլի քիմիական ազդեցությամբ:

 

Ալկոհոլի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական խնդիրների (հանցագործություն, բռնություն, անկարգություն, դժբախտ պատահարներ, ամուսնական կամ սեռական բռնություն, հիվանդություններ և այլն) տարածվածությունը ուղղակիորեն կապված չէ մեկ շնչի հաշվով ալկոհոլի միջին սպառման հետ։ Ցածր միջին սպառում ունեցող երկրները (օրինակ ՝ Իռլանդիան և Իսլանդիան) հաճախ գրանցում են ալկոհոլի հետ կապված սոցիալական և հոգեբուժական խնդիրների համեմատաբար բարձր ցուցանիշներ, մինչդեռ շատ ավելի բարձր սպառման մակարդակ ունեցող երկրներ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան և Իտալիան, ունեն խնդիրների ավելի ցածր ցուցանիշներ: Ալկոհոլի հետ կապված խնդիրները մշակութային գործոնների՝ խմելու նկատմամբ համոզմունքների, վերաբերմունքի, նորմերի և սպասելիքների հետ են կապված: Ընդհանուր առմամբ, ալկոհոլի վերաբերյալ դրական համոզմունքներ և սպասումներ ունեցող հասարակությունները (տարբեր կերպ սահմանվում են որպես «ոչ ժուժկալ», «թաց», «միջերկրածովյան» կամ «ինտեգրված» խմելու մշակույթներ) զգալիորեն ավելի քիչ խնդիրներ ունեն, իսկ  բացասական կամ անհետևողական համոզմունքներն ու սպասումները (հիմնականում հանդիպում են «ժուժկալ», «չոր», «սկանդինավյան» կամ «երկիմաստ» խմելու մշակույթներում) ալկոհոլի արդյունքում խնդիրների ավելի բարձր մակարդակի հետ են կապված: Տվյալ մշակույթի հավատալիքներն ու սպասումները կարող են փոխվել: Շատ երկրներում, մասնավորապես Եվրոպայում, նախկինում դրական կամ ինտեգրված խմելու մշակույթ ունեցող հասարակությունը կարող է անցում կատարել դեպի բացասական կամ երկիմաստ համոզմունքների, ինչը կարող է հանգեցնել ալկոհոլի հետ կապված խնդիրների ավելացմանը։

 

Ամփոփելով.

 

Ալկոհոլը որպես սոցիալական լուբրիկանտ կարող է վերածվել սոցիալական «արգելակչի»։ Հետևաբար այդ անցումից խուսափելու համար հարկավոր է չափավորել խմելու սովորությունը, ձեռնպահ մնալ ավելորդ խմիչքից և վնասակար վարքագծից։