Սնունդն ու ծերացումը

2021/10/18

Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության, սահմանափակման և այլ մանրամասնություններ մասին։

 

Քանի որ տղամարդու առողջության համար անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի քանակը կարող է տարբեր լինել երիտասարդ և տարեց հասակում, ապա կարիք կա անդրադառնալու տղամարդու տարիքային խնդիրներին և անհրաժեշտ սննդակարգին, որը կօգնի կանխարգելել այդ հիվանդությունների զարգացումն ու ապահովել առողջ ծերությունը։

 

Տարիքի հետ կապված տղամարդու հիվանդությունների ամենատարածված պատճառներից են՝ ծխելը, ոչ ակտիվ կենսակերպը և, իհարկե, վատ ու չկարգավորված սնվելը։

 

Ո՞ր հիվանդություններն են հանդիպում 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ

 

1. Սրտի հիվանդություն։ Սրտի հիվանդություն ասելով հասկանում ենք՝ անոթների խցանումը, սրտի իշեմիկ հիվանդությունը,  սրտամկանի ինֆարկտը։

 

Այս հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար կարևոր է.

  • օմեգա-3 ճարպերով հարուստ ձկան մսի ընդունումը` շաբաթը 2 անգամ,
  • մանրաթել պարունակող հացահատկի, լոբու, բանջարեղենի և մրգերի օգտագործումը,
  • ձիթապտղի ներառումը սննդակարգում,
  • ընկույզի հաճախակի օգտագործումը,
  • ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթական 30-60 րոպե,
  • հագեցած ճարպերից (կարագ, պանիր և յուղոտ միս), տրանս ճարպերից, վերամշակված և արագ սննդից, աղից և ալկոհոլի չարաշահումից խուսափելը։

2. Շագանակագեղձի քաղցկեղ։ Այս հիվանդությունը շատ տարածված է տղամարդկանց մոտ` 50-ից բարձր տարիքում։

 

Քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար կարևոր է.

  • լիկոպենը, որն առկա է թարմ կամ եփած լոլիկի մեջ, ինչը հակաօքսիդանտ է և ունի հակաքաղցկեղային ազդեցություն,
  • սելենը, որը հանքանյութ է, պարունակում է բրազիլական ընկուզեղենի, ձավարեղենի և մսի մեջ:
  • մրգեր-բանջարեղենը,
  • լոբազգիները (սիսեռ, լոբի, ոսպ),
  • վերամշակված, ապխտած կամ աղացած մսի, ինչպես նաև խոզապուխտի, երշիկի, հոթդոկի և այլնի սահմանափակումը,
  • օրգանիզմին անհրաժեշտ օրական կալցիումի քանակի չգերազանցումը:

3. Պոդագրայի ժամանակ բարձրանում է արյան մեջ միզաթթվի քանակը և առաջանում են արթրիտի երևույթներ, ինչպես նաև միզաքարային հիվանդություն։

 

Պոդագրայի կանխարգելման համար կարևոր է՝

  • քիչ քանակությամբ ճարպեր պարունակող կաթնամթերքի օգտագործումը,
  • մանրաթելեր պարունակող սննդի ներառումը սննդակարգում (հացահատիկ, լոբի, բանջարեղեն, մրգեր...),
  • վիտամին C-ի կիրառումը (պղպեղ, ցիտրուսեղեն, բրոկկոլի, ելակ...),
  • ֆոլաթթվի օգտագործումը (լոբի, ձավարեղեն, նուշ,  ծնեբեկ և այլն)
  • ֆիզիկական ակտիվությունը,
  • պուրին պարունակող սննդամթերքի սահմանափակումը (կարմիր միս,  որոշ ծովամթերքներ, ձկնկիթ, ձավար , գարեջուր և այլն):

4. Օստեոպորոզ։ Շատերն այս հիվանդությունը համարում են «կանանց հիվանդություն», սակայն դա հանդիպում է նաև տղամարդկանց մոտ և համարվում է նրանց մոտ կոտրվածքների 25%-ի պատճառը։

 

Օստեոպորոզի կանխարգելման համար անհրաժեշտ է.

  • ընդունել բավարար կալցիում և վիտամին D,
  • կատարել ոսկրերի ամրությունն ապահովող վարժություններ,
  • ապահովել վիտամին B1-ի նորմալ մակարդակն` արյան մեջ,
  • չափավորել ալկոհոլն ու աղը: