/

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա

2017/06/30

Տղամարդու սերմնահեղուկը բաղկացած է սերմնաբջիջներից եւ սերմնահեղուկից: Սերմնահեղուկի միայն 5%-ն է արտադրվում ամորձու կողմից, իսկ մնացած 95%-ն արտադրվում է շագանակագեղձի եւ սերմնաբշտերի կողմից: Սերմնահեղուկի նորմալ քանակն օրգանիզմում կազմում է մոտավորապես երեք միլիլիտր, իսկ սերմի խտությունը կարող է տատանվել 20-100 միլիոնի սահմանում: Սերմնաբջիջներն ունեն շարժունակ եւ անշարժ ձեւեր: Հետեւաբար, կախված սերմի ընդհանուր քանակից, շարժունակությունից կամ նորմալ սերմնաբջիջների պատկերից՝ կարող են դիտվել տղամարդու անպտղության տարբեր պատճառներ: Անպտղություն առաջանում է հատկապես սերմի քանակի եւ որակի նվազման ժամանակ:

 

Ինչպիսի գործոններ կարող են ազդել սերմի որակի վրա:

 

Տղամարդու ապրելակերպը նույնպես կարող է ազդել սերմի քանակի եւ որակի վրա: Ալկոհոլը, նիկոտինը, թմրամիջոցներն ու նաեւ բազմաթիվ այլ դեղորայքներ կարող են ժամանակավորապես նվազեցնել սերմի քանակը: Միջավայրի թունավոր նյութերը, ճառագայթումը նույնպես կարող են անպտղության պատճառ դառնալ: Սերմնարտադրության խնդիրներն, ընդհանրապես, կարող են սկիզբ առնել մանուկ հասակից կամ զարգանալ հետագայում՝ մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների (հատկապես՝ խոզուկի), սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ամորձիների վնասվածքների, շագանակագեղձի հիվանդությունների, ամորձու ուռուցքի եւ այլ հիվանդությունների արդյունքում: Շատ կարեւոր են նաեւ սերմնաժայթքման խանգարումները, հատկապես այն ժամանակ, երբ բացակայում է սերմը: Իսկ վերջինս կարող է հանդիպել շաքարային դիաբետի, շագանակագեղձի եւ միզուկի վիրահատությունների, հակագերճնշումային դեղորայքների ընդունման եւ իմպոտենցիայի ժամանակ:

 

Քանի որ սերմնարտադրությունը տեղի է ունենում փոշտում, որի ջերմաստիճանն օրգանիզմի ջերմաստիճանից ավելի ցածր է, փոշտի ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել սերմնարտադրության խանգարումներ: Այսպես, օրինակ, բոլոր սեղմող եւ սինթետիկ ներքնազգեստները, տաք բաղնիքները, սաունաները, առաջացնելով փոշտի ջերմաստիճանի բարձրացում, կարող են վնասել սերմնարտադրությունը: Այսպիսի ազդեցություն ունի նաեւ սերմնալարի երակների լայնացումը (վարիկոցելե), որը տղամարդկանց անպտղության պատճառների մեջ մեծ տոկոս է կազմում: Կան նաեւ մի շարք դեղորայքներ (ցիտոտոքսիկ, ստերոիտ և այլն), որոնք ազդում են սերմի գոյացման ու քանակի վրա:

 

Այս իմաստով շատ կարեւոր է տղամարդկանց ու հատկապես երիտասարդների համար (նախքան ամուսնությունը) կատարել սերմի քննություն եւ ուրոլոգիական խորհրդատվության դիմել՝ իմանալու իրենց առողջության եւ վերարտադրողական ֆունկցիայի մասին շատ կարեւոր տեղեկություններ: Կան բազմաթիվ բուժական միջոցներ, որոնք կարող են բարելավել սերմի որակն ու քանակը: Իսկ առողջ լինելու եւ առողջ ապագա ունենալու համար ամենակարեւորը հեռու մնալն է բոլոր վնասակար սովորություններից: