/

Ծերացում (Aging)

2021/05/03

Ծերացումը հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական փոփոխությունների ամբողջություն է, որի ժամանակ բոլոր կենսական նշանակության օրգանները սկսում են կորցնել իրենց որոշ գործառույթներ։ Ծերացման փոփոխությունները տեղի են ունենում մարմնի բոլոր բջիջներում, հյուսվածքներում, և այդ փոփոխություններն ազդում են մարմնի բոլոր օրգան-համակարգերի գործունեության վրա: Ծերացումը համարվում է նաև ռիսկային գործոն, քանի որ բերում է մահացության։

 

Որո՞նք են ծերացման պատճառները։

 

Ծերացման պատճառները բազմաթիվ են՝ բջջային, հորմոնային, մետաբոլիկ և կուտակային վնաս։ Բջջային ծերացումը վերաբերում է բջիջների բազմապատկման կարողությանը։ Սովորաբար, բջիջները բազմապատկվում են մոտավորապես 50 անգամ, իսկ գենետիկ նյութը չի կարող ճշգրիտ պատճենվել՝ տելոմերների քանակի կրճատման պատճառով։ Հետևաբար ազատ ռադիկալներն ու վնասակար գործոնները սպառում են բջիջների վերատադրումը։ Թունավոր նյութերը, արևը, ոչ սննդարար ուտելիքը, ծուխն ու օդի աղտոտվածությունը նույնպես վնասում են բջիջների վերականգնման կարողությանը: Մի շարք հորմոններ օրգանիզմի վրա երիտասարդացնող ազդեցություն ունեն: Հետևաբար, տարիքի հետ այդպիսի հորմոնների (տեստոստերոն, էստրոգեն, աճի հորմոն) մակարդակի անկումը բերում է ծերացման։ Ծերացման այլ պատճառներից են քրոնիկ սթրեսը, իմունային համակարգի վնասումը, ճարպակալումը։

 

Որո՞նք են ծերացման ախտանշանները։

 

  • Վարակի նկատմամբ ընկալունակության բարձրացում,
  • ջերմային հարվածի կամ հիպոթերմիայի ավելի մեծ ռիսկ,
  • հասակի կարճացում,
  • ոսկրերի փխրունություն,
  • հոդերի ախտահարում,
  • կռացած կեցվածք,
  • դանդաղ և սահմանափակ շարժումեր,
  • ուժի և էներգիայի նվազում,
  • փորկապություն,
  • անմիզապահություն,
  • կենտրոնացման, հիշողության և մտածողության դանդաղում,
  • ռեֆլեքսների և հավասարակշռության դժվարություն,
  • տեսողական սրության վատացում,
  • պերիֆերիկ տեսողության իջեցում,
  • լսողության կորստի նշաններ,
  • կնճռոտվող և կախված մաշկ,մազերի սպիտակում,
  • քաշի կորուստ:

 

Ինչպե՞ս կանխել կամ հետաձգել ծերացումը:

 

Ապրելակերպ։ Սահմանափակ կալորիականությամբ և սննդարար ուտելիքի օգտագործումը դրական ազդեցություն ունի մարդու հիվանդություններից պաշտպանվելու առումով։ Քիչ ճարպերով սնունդը նույնպես կարող է երկարացնել մարդու կյանքի տևողությունը։ Նախընտրելի սննդակարգ է համարվում բանջարեղենի, ընդեղենի, ձկնեղենի և ձիթապտղի յուղի ընդունումը։

Քուն։ Օրվա մեջ 6-7 ժամ քնելը շատ կարևոր է առողջության համար։ Քնի պակասն ավելացնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը։ Տարիքի հետ մարդիկ շուտ են հոգնում, հետևաբար, ավելի կանուխ են քնում և զարթնում, քան երիտասարդները։ Իսկ տարեց մարդկանց գիշերվա ընթացում հաճախակի զարթնելը պայմանավորված է նրանց քնի փուլերի տևողության փոփոխությամբ։
Ֆիզիկական ակտիվություն։ Անկախ քրոնիկ հիվանդություններից և տարիքից, անհրաժեշտ է վարել ակտիվ կյանք։ Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, նպաստում դրական մտավոր առողջությանը և առողջ ծերացմանը։ Շատ դեպքերում ֆիզիկական ակտիվությամբ պետությունը խնայում է մեծ գումարներ, քանի որ քրոնիկ մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաօգտակար ու ամենաէժան միջոցը ակտիվ կյանք վարելն է։

Սթրես։ Քրոնիկ սթրեսը կրճատում է ԴՆԹ տելոմերները և դրանով արագացնում վաղաժամ ծերացումը։ Դեպրեսիան, սոցիալական մեկուսացումը, երկարատև գործազրկությունը և անհանգստության նոպաները նույնպես կարող են արագացնել ծերացումը։ Այս իմաստով անհրաժեշտ է նախ` պարզել սթրեսածին երևույթները, այնուհետև` կառավարել դրանք։ Պետք է ձգտել հավասարակշռել աշխատանքը, մարդկային հարաբերությունները, հանգիստը և զվարճանքը, դիմացկունություն ձեռք բերել զանազան ճնշումների ու անհաջողությունների ժամանակ:

Ալկոհոլ։ Ալկոհոլի չարաշահումն ունի բացասական ազդեցություն մարդու առողջության վրա։ Այն ջրազրկում է օրգանիզմը, չորացնում մաշկը, ախտահարում լյարդը, դանդաղեցնում ուղեղի աշխատանքը, թուլացնում իմունային համակարգը, նպաստում գիրանալուն, խանգարում քունը և այլն։ Հետևաբար, անհրաժեշտ է ալկոհոլն օգտագործել չափավոր։

Ծխախոտ։ Ծխելն առողջության և մարդու կյանքի համար ամենավտանգավոր սովորություններից է: Ծխախոտի ծուխը մաշկի անբարենպաստ փոփոխություններ է առաջացնում և արագացնում մաշկի ծերացման բնական գործընթացը: