Կարծիք կա, որ մերկ քնելը կարող է նպաստել առողջությանը` բարելավելով քունը, հարաբերությունները և վերարտադրողական կարողությունը:
Քուն
Հայտնի է, որ քնի պակասը բացասաբար է ազդում մարդու առողջության, հիշողության և բջիջների վերականգնման վրա, մեծացնում է նաև սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկը: Մերկ քնելը կարող է օգնել արագ ու երկար քնել: Քնելու համար անհրաժեշտ է մարմնի ջերմաստիճանի իջեցում, իսկ մերկ քնելը նպաստում է մարմնի ջերմաստիճանի արագ իջեցման, հետևաբար, ավելի խորը, հանգիստ ու վերականգնող քնելուն։
Իսկ եթե անկողնում մենակ չեք, ապա հաստատ ունեք լավ ջերմության աղբյուր։
Վերարտադրողականություն և հարաբերություններ
Մերկ քնելը կարող է դրական ազդել սեռական, վերարտադրողական առողջության, զուգընկերոջ հետ կապի և ինքնագնահատականի վրա: Վերարտադրողական առումով դա հիմնավորվում է այն կարծիքով, որ սառը ջերմաստիճանը կարող է նպաստել առողջ սերմնահեղուկի գործառույթներին:
Մերկությունը նաև ուժեղացնում է զույգերի միջև մտերմության, կապի և բավարարվածության զգացումը: Մաշկի հպումն ունի հակասթրեսային ազդեցություն, որի ժամանակ արտազատվում է օքսիտոցին հորմոնը։ Վերջինս լավ ինքնազգացողության հորմոն է, որը նվազեցնում է անհանգստությունը, խթանում է անվտանգության և սիրո զգացումները։ Ուրիշի ներկայությամբ մերկ քնելը բարձրացնում է նաև մարդու ինքնագնահատականը։
Եթե դուք դեռ չեք քնում մերկ, գուցե ժամանակն է փորձել, քանի որ այն կարող է օգնել ձեզ ավելի լավ հանգստանալ, նվազեցնել սթրեսը և նույնիսկ նիհարել: