Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ: Ցինկի հիմնական աղբյուր են միսը, ձուն և լոբազգիները։
Ցինկի օգտակարությունը
Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ ցինկի ցածր մակարդակը կարող է պատճառ դառնալ ինսուլինի նկատմամբ զգայունության իջեցման և տեստոստերոնի քանակի նվազման։
Ցինկի բարձր դոզաները կարող են նվազեցնել ընդհանուր մրսածության տևողությունը։ Դրանց ազդեցությունը հիմնականում սահմանափակվում է կոկորդի և քթի ախտանշանների մեղմացումով։ Ցինկը նպաստում է դեպրեսիայի և ակնեի հաղթահարմանը։
Ցինկը հեռանում է քրտինքի միջոցով, ինչը լրացնելը կարևոր է՝ շատ քրտնող և քիչ ցինկ ընդունող մարզիկների համար: Ինսուլինի դիմադրողականությունը կարող է նվազեցնել ցինկի մակարդակը: Ալկոհոլի մեծ քանակությունը և փորլուծությունը նույնպես բերում են օրգանիզմի ցինկի պաշարների կորստին:
Ցինկի կողմնակի ազդեցությունները
Ցինկի մեծ չափաբաժինները կարող են առաջացնել նաև պղնձի պակասություն, ինչպես նաև այլ կողմնակի ազդեցություններ՝ սրտխառնոց, փսխում, բերանում մետաղական համ և այլն:
Ցինկի անբավարարության հետևանքները
Ցինկը խթանում է մանուկների աճը: Նրա պակասությունը կարող է հանգեցնել տղամարդկանց մոտ սեռական հորմոնների մակարդակի իջեցմանը (հիպոգոնադիզմ), ինչպես նաև դեպրեսիայի և մաշկի խնդիրների առաջացմանը: Դիաբետիկների մոտ ցինկի ցածր պարունակությունը կարող է վատթարացնել ինսուլինի դիմադրությունը:
Ցինկի դեֆիցիտի այլ ախտանշաններից են՝ քաշի կորուստը, զգոնության բացակայությունը, համի և հոտառության վատացումը, փորլուծությունը, ախորժակի կորուստը, մաշկի բաց վերքերը և այլն: