Ալկոհոլի ազդեցությունը 40 տարեկանից հետո

2020/07/31

The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը:


Ալկոհոլն օրգանիզմի վրա ազդում է ցանկացած տարիքում, սակայն 40 տարեկանն անց անձանց մոտ հետևանքներն ավելի լուրջ են, քան 20 կամ 30 տարեկանում, գտնում է Լոնդոնի Համալսարանական քոլեջի առողջապահության պրոֆեսոր Փոլ Ուոլլեսը: Տարեց հիվանդների հետ աշխատող հոգեբույժ Տոնի Ռաոի խոսքերով, դա բացատրվում է նրանով, որ ալկոհոլի վերամշակման համար պատասխանատու օրգանները «ծերանում» են և սկսում են ավելի դանդաղ աշխատել, ինչը նշանակում է, որ վնասակար նյութերն օրգանիզմում սկսում են ավելի երկար մնալ:  Բացի այդ, տարիքի հետ մարմնում հեղուկի քանակը նվազում է, ինչը նշանակում է, որ 40 տարեկանում արյան մեջ ալկոհոլի խտությունն ավելի բարձր կլինի, քան 20 տարեկանում ընդունած նույն քանակությունը, գրում է The Telegraph-ը What alcohol does to your body after the age of 40 հոդվածում:

Ուղեղ
Սպիրտային խմիչքը հաճախ կիրառվում է տրամադրության բարձրացման նպատակով: Խմելու ընթացքում մենք գրգռվում և ուժ ենք ստանում, քանի որ ալկոհոլը, թափանցելով հեմատոէնցեֆալիկ պատնեշով, ընկճում է կենտրոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են ինքնավերահսկման, դատողության և պլանավորման համար: Սակայն այդպիսի ազդեցությունն ավարտվում է բավականին արագ, տեղի է ունենում վերադարձ, ուստի արդեն առավոտյան մարդն ընկճված է և զայրացած:
Ալկոհոլն ուղեղն ավելի վաղ է սկսում ախտահարել, քան լյարդը, ասում է բժիշկ Ռաոն: Ընդ որում, վնասակար է ո՛չ միայն վառ արտահայտված ալկոհոլիզմը, այլ նաև սպիրտային խմիչքի կանոնավոր օգտագործումը:  Մինչև լյարդի ցիրոզ ախտորոշումը հիվանդը, որպես կանոն, անցնում է դեպրեսիայի և ինքնավերահսկման խնդիրների միջով: 40 տարեկանից հետո վտանգավոր է ո՛չ միայն ուղեղի ֆունկցիայի վատթարացումը, այլ նաև ախտորոշման դժվարությունը:  Եթե 20- կամ 30-ամյա երիտասարդի տրամադրության անկումը շրջապաատին ազդարարում է առողջական խնդիրների մասին, ապա ավելի մեծ տարիքի մարդկանց մասին հաճախ ասում են, որ պարզապես նրա բնավորությունն է վատացել: Թեև հնարավոր է՝ խնդիրը տարիքի մեջ չէ, այլ սպիրտային խմիչքի բացասական ազդեցության: Սակայն լավ նորությունն այն է, որ ուղեղի աշխատանքը վերականգնվում է ալկոհոլի հրաժարումից ընդամենը կես տարի անց:

 

Մաշկը
Ալկոհոլը նպաստում է արյունատար անոթների մեծացմանը և արյան հոսքի արագացմանը, ինչը կարող է մաշկի քրոնիկական կարմրության՝ ռոզացեայի պատճառ լինել: Չնայած կարմրությունը մի քանի ժամից անցնում է՝ սպիրտի կանոնավոր ընդունման ժամանակ անոթները մեծանում են, իսկ երակային ցանցը տեսանելի է դառնում մաշկի վրա, բացատրում է մաշկաբան, պրոֆեսոր Նիկ Լոուեն: Դա կարելի է բուժել լազերի օգնությամբ, սակայն ավելի լավ է այն իրականացնել վաղ շրջաններում:  
Հետևանքներից մեկն էլ մաշկի ցանավորումն է: Ալկոհոլը նպաստում է սթրեսին և զայրույթին, որն էլ բերում է անդրոգենների (արական սեռական հորմոններ) մակարդակի բարձրացման և նպաստում է ակնեների առաջացմանը:  Բացի այդ, սպիրտը բերում է մաշկի ջրազրկման և, որպես հետևանք, թեփոտման և աչքերի տակ պարկերի առաջացման: Գարեջրի և գինու մեջ պարունակող շաքարը քայքայում է կոլագենը, ինչը նվազեցնում է մաշկի էլաստիկությունը և նպաստում է վերջինիս ծերացմանը:  

 

Սիրտ

Հետազոտությունները վկայում են այն մասին, որ կարմիր գինին դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, եթե այն չի գերազանցում օրական մեկ գավաթը:  Սահմանաչափի գերազանցումը (տղամարդկանց համար` 3-4 գավաթ, կանանց համար` 2-3 գավաթ) բարձրացնում է զարկերակային ճնշումը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ՝ մեծացնելով կաթվածի ռիսկը: Ըստ սրտային հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական Ֆոնդի փոխտնօրեն, բժիշկ Մայք Կնեպտոնի խոսքերի՝ սպիրտի չվերահսկված ընդունումը նաև բերում է սրտի փականների հյուծման և սրտային անբավարարության զարգացման:

 

Լյարդ

Լյարդի ցիրոզը դադարել է ալկոհոլիզմով տառապողների հիվանդությունը լինելուց, այն ավելի հաճախ ախտորոշում են միջին տարիքի մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար սպիրտային խմիչքներ են չարաշահում: Երիտասարդ ժամանակ ալկոհոլի կանոնավոր ընդունումը կարող է բերել լյարդի ճարպակալման, սակայն 40-ից հետո այդ սովորությունից չհրաժարվելու դեպքում ճարպը սկսում է բորբոքվել, սպիներ են առաջանում, լյարդը կրճատվում է, ինչը բերում է ռիսկի խմբի` յուրաքանչյուր վեցերորդի մոտ ցիրոզի առաջացման:  Լյարդի վերականգնման համար անհրաժեշտ է շաբաթը երեք անգամ կանոնավոր հայտարարել բեռնաթափման օր: Ընդ որում, այն ներառում է ո՛չ միայն ալկոհոլից հրաժարում, այլ նաև առողջ սննդակարգ՝ ֆիզիկական ակտիվության հետ միասին:

 

Քաղցկեղային բջիջներ
Հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե ալկոհոլի որ մակարդակն է ազդում քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Ընկնելով օրգանիզմ՝ էթանոլը տրոհվում է ացետալդեհիդի, որն ազդում է քաղցկեղ առաջացնող բջիջների վրա: Այսպիսով, վտանգավոր կարող է լինել սպիրտի ցանկացած քանակություն, իսկ եթե մարդը նաև ծխում է, նրա մոտ բազմապատկվում է բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղի առաջացման ռիսկը, քանի որ ալկոհոլը բարձրացնում է բջիջների զգայնությունը ծխախոտի ծխի նկատմամբ:

 

Վերարտադրողական ֆունկցիա
Համաձայն դանիական հետազոտության, ալկոհոլից լիովին հրաժարված զույգերի մոտ մի քանի անգամ նվազում է վիժումների ռիսկը` նույնիսկ համեմատած նրանց հետ, ովքեր չափազանց հազվադեպ և քիչ են ընդունում սպիրտային խմիչք: Շաբաթական կես շիշ գինին նվազեցնում է կանանց հղիանալու հավանականությունը 18%-ով: Ինչ վերաբերում է տղամարդկանց, սպիրտը նպաստում է տեստոստերոնի մակարդակի իջեցմանը և նվազեցնում է պտղաբերությունը, հատկապես 40-ից հետո:

 

Քաշը
Օրգանիզմն ալկոհոլն ընդունում է որպես թույն, այդ պատճառով սկսում է այն ավելի արագ մարսել, քան` սնունդը, որպեսզի վտանգավոր նյութերը հնարավորինս շուտ դուրս բերի: Ընդ որում, սպիրտային խմիչքները, որպես կանոն, կալորիական են, իսկ դա նշանակում է, որ մարսողական համակարգը սննդի վերամշակման ժամանակ ավելորդ կալորիաները վերածում է ճարպի, բացատրում է սննդաբան Ռոբերտ Հոբսոնը:  

Հետազոտությունները ցույց են տվել, որ էթանոլը ընկճում է ախորժակի համար պատասխանատու լեպտին հորմոնը, հենց այդ պատճառով օրգանիզմի համար դժվար է ընկալել` այն հագեցած է, թե` ոչ: Քաղցր ալկոհոլային ըմպելիքները բարձրացնում են ինսուլինի մակարդակը, որը նպաստում է ճարպի կուտակմանը: 40-ից հետո սկսում են ճարպակալել ներքին օրգանները, ինչը բերում է, այսպես կոչված գարեջրային որովայնի առաջացմանը: