Երբ հիվանդի ճակատագիրը կախված է բժշկի հեռախոսից․․․

2021/10/01

Բջջային հեռախոսի բոլոր մարդկանց կյանք ներխուժելու փաստը անհերքելի է։ Հետևաբար բժիշկներն ու հիվանդները նույնպես զերծ չեն մնում այս «հրաշալի» գործիքի՝ «հրեշավոր» հետևանքներից։

 

 

Վերջերս ամերիկայն մի հոդվածում կարդացի, թե ինչպես է հիվանդը վիրահատասրահում ականատես դարձել վիրահատող անձնակազմի սմարտ հեռախոսներով զբաղվածությանը։ Նրանք նամակներ էին գրում իրենց ընկերներին, ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում զրույցներ վարում, հեռախոսով նկարում կամ խաղում։

 

 

Իսկապես արժե ուսումնասիրել բջջային հեռախոսի աղետաբեր հետևանքները հիվանդի առողջության վրա, հատկապես, երբ նա օգտագործվում է բժշկի կողմից հիվանդի հետազոտության, ախտորոշման, բուժման կամ վիրահատության ժամանակ։

 

 

Այսպիսի դեպք է նկարագրվել 2011 թվականին, ԱՄՆ Տեխասում, երբ անեստեզիոլոգը զբաղված լինելով բջջային հեռախոսով, մոռացել է հետևել հիվանդի թթվածնի մատակարարմանը շուրջ 20 րոպե, որի արդյունքում հիվանդը մահացել է։ Բջջային հեռախոսի ձայնի, հաճախակի զանգերի, նկարահանումների կամ այլ ֆունկցիաների պատճառած ուշադրության շեղման կամ ցրվածության հետևանքով շատ հաճախ բժիշկները կարող են սխալվել, իսկ երբեմն նույնիսկ մեծ վնասներ հասցնելով հիվանդի առողջությանը։

 

Պատահական էլ չէ, որ ամերիկյան ECRI կազմակերպությունը, որը վերահասկում է հիվանդների խնամքն ու անվտանգությունը, համարել է բջջային հեռախոսը 10 վտանգավոր տեխնոլոգիական գործիքներից մեկը, որն սպառնում է հիվանդի անվտանգությանը։

 

 

Այս պատճառով որոշ հիվանդանոցներում արգելել են բջջային հեռախոսների օգտագործումը այն տարածքներում, որտեղ բժիշկներն ինտենսիվ աշխատում են հիվանդների հետ։ Որոշ վիրահատասրահներում նույնպես արգելվում է էլեկտրոնային նամակների ստուգումն ու ինտերնետից օգտվելը։

 

 

Սակայն միաժամանակ ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու բջջային հեռախոսը ունեն դրական ազդեցություն՝ բժշկական ինֆորմացիայի արագ հաղորդման, տվյալների փոխանակման կամ այլ առումներով։

 

 

Հետևաբար, միանշանակ պնդել բջջային հեռախոսների բացասական դերի մասին շատ դժվար է, սակայն հարկավոր է սահմանափակել այն ու հսկել այն բժիշներին, հատկապես այն վայրերում, որտեղ կխանգարի նրանց ու կխաթարի հիվանդների անվտանգությունը։

 

 

Իսկ մեր հայկական բժշկական իրականության մեջ նույնպես մեծ խնդիր է (եթե չէ ապա կդառնա) բջջային հեռախոսամանիան։  Մեր բժիշկները նույնպես սիրում են օգտվել բջջային հեռախոսների բոլոր հնարավորություններից և այլ էլ բուռն աշխատանքային ժամերին։ Ամեն դեպքում բժիշկները պարտավոր են սկզբունքորեն (հուսով եմ հետագայում՝ օրենքնով) հեռու մնալ հնարավորինս բջջային հեռախոսից՝ հիվանդի հետ շփման կամ բժշկական գործողություն կատարելու ժամանակ։ Այլապես չի ուշանա սխալվելու պահը, որը միաժամանակ կործանարար կարող է լինել թե հիվանդի և թե բժշկի համար։ Իսկ մեր հիվանդները իրենց հերթին գոնե պետք է փորձեն անիմաստ ու անտեղի զանգերով չանհանգստացնել բժիշկներին՝ շեղելով նրանց ուշադրությունը նրանց առօրեա դժվարին ու պատասխանատու գործունեությունից․․․։

 

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ