Պահպանակներ

2021/08/02

Տղամարդու պահպանակը բեղմնականխարգելման ամենահայտնի ու տարածված մեթոդներից է։ Պահպանակը բարակ պարկիկ է, լատեքսային ռետինից կամ պոլիուրետանից, որը հագցվում է էրեկտիլ վիճակում գտնվող առնանդամի վրա՝ պատնեշ ստեղծելու համար, ինչը խոչնդոտում է սերմնաբջիջների ներթափանցումը հեշտոց։

 

Պահպանակի օգտագործումը հայտնի էր դեռևս հին ժամանակներից։ Օրինակ, հռոմեացի զինվորներին պարտադրվում էր ունենալ ոչխարի աղիներից պատրաստված պահպանակներ և արշավանքների ժամանակ պատահական կանանց հետ կենակցելիս անպայման օգտագործել ՝ հիվանդություններից (այդ ժամանակ սիֆիլիսից) զերծ մնալու համար:

 

Ոմանք խուսափում են պահպանակի օգտագործումից՝ պատրվակելով, որ սեռական զգացողությունը թուլանում է, սակայն պահպանակի օգտագործումը ունի մի շարք առավելություններ և օգուտներ։

 

Որո՞նք են պահպանակի առավելությունները

 

Պահպանակը ո՛չ միայն հակաբեղմնավորիչ է, այլ նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (այդ թվում ՁԻԱՀ-ի) կանխարգելման միջոց։

Պահպանակնի ճիշտ օգտագործման դեպքում այն արդյունավետ է մոտավորապես 98%-ով։

Պահպանակը կարելի է օգտագործել տարբեր իրավիճակներում՝ կրծքով կերակրման ժամանակ, ծննդաբերությունից հետո, աբորտից հետո և այլն։

Պահպանակի վաճառքն ազատ է, և այն կարելի է ձեռք բերել ամենուր։

 

Ինչպե՞ս պահպանակը ճիշտ օգտագործել

 

•    Զգուշությմաբ հանել փաթեթից, սեղմել ծայրի հատվածը և օդը հանել այդ տարածությունից:
•    Պահպանակը լիովին հագցնել պինդ և էրեկցիայի վիճակում առնանդամի վրա:
•    Սեռական ակտից հետո անմիջապես հեռացնել այն առնանդամի վրայից:
•    Օգտագործումից հետո փաթաթել ու նոր միայն նետել աղբարկղ:
•    Յուրաքանչյուր սեռական կապի համար նոր պահպանակ օգտագործել:
•    Ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին:
•    Սեքսից առաջ ունենալ բավարար քանակի պահպանակներ:
•    Չօգտագործել վնասված կամ պատռված պահպանակ:
•    Պահպանակը չբացել մկրատի կամ սուր գործիքի միջոցով:
•    Խուսափել պահպանակը տաք վայրում պահելուց:
•    Պահպանակը չպատել քսուքներով, յուղերով կամ գելով:
•   Սեռական ակտի ժամանակ պահպանակի պատռման դեպքում կիրառել շտապ հակաբեղմնավորիչ միջոցներ: