Ամորձու քաղցկեղ (Testicular Cancer)

2017/06/29

Ամորձու քաղցկեղը տարածված հիվանդություն է հատկապես 20-40 տարեկան հասակում: Այն հայտնաբերելու համար խորհուրդ է տրվում տղամարդկանց պարբերաբար շոշոփել իրենց ամորձիները, և ամորձիների պնդացման օջախ հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել ուրոլոգիական խորհրդատվության:

 

 

Ամորձու քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն է համարվում կրիպտորխիզմը (վիճակ, երբ ամորձին չի գտնվում փոշտի խոռոչում): Հետևաբար, հարկավոր է հատկապես նորածնային շրջանում ժամանակին կատարել ամորձու իջեցումը և ֆիքսումը փոշտի խոռոչում, այլապես մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կան նաև այլ գործոններ, ինչպիսիք են` ժառանգական, ինֆեկցիոն, էթնիկ գործոնները, ամորձու տրավմաները և այլն:

 

Ըստ հյուսվածքաբանական դասկարգման ամորձու քաղցկեղի տիպերն են` սեմինոմա և ոչ սեմինոմա: Ամորձու քաղցկեղի այլ տեսակներն են` Լեյդիգի բջջային և Սերտոլի բջջային քաղցկեղները:

 

Ամորձու քաղցկեղը հատկապես սկզբնական շրջանում կարող է լինել անախտանիշ: Հիմնական ախտանշանն ամորձու պնդացումն է` առանց ցավային ախտանիշի: Որոշ դեպքերում լինում են նաև ամրձու լարվածություն, այտուցվածություն, բութ կամ սուր ցավեր և ջրգողություն: Երբեմն այն հայտնաբերվում է պատահական` հիվանդի, նրա զուգընկերոջ կամ բժշկի կողմից: Սեռաբջջային քաղցկեղն արտադրում է գոնադոտրոպ հորմոնը (hCG), որը բերում է կրծքագեղձերի մեծացման: Հետևաբար, կրծքագեղձերի լարվածությունն ու մեծացումը նույնպես ամորձու քաղցկեղի ախտանիշ է:

 

Ամորրձու մետաստատիկ քաղցկեղի 10-25% դեպքերում մինչև հիվանդի առաջնային ուռուցքի ախտորոշումը կարող են առաջանալ երկրորդային ախտանշաններ, ինչպիսին է մեջքի ստորին հատվածի ցավերը` հետորովայնամզային ավշային հանգույցների ախտահարման հետևանքով: Կարող են լինել նաև թոքային մետաստազներ, որի ժամանակ հիվանդի մոտ կարող է դիտվել հազ, ցավեր կրքավանդակում, շնչարգելություն և արյունախխում:

 

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել սոնոգրաֆիկ և լաբորոտոր բիոքիմիական քննություններ (AFP, hCG, LDH), ինչպես նաև կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա և որովայնի օրգանների համակարգչային տոմոգրաֆիա:

 

Ամորձու քաղցկեղի ստադիաներ են.

 

  • 1-ին ստադիա. ուռուցքը գտնվում է ամորձու մեջ,
  • 2-րդ ստադիա. ուռուցքը տարածվում է հետորովայնամզային ավշային համակարգի մեջ,
  • 3-րդ ստադիա. ուռուցքը տարածվում է հեռավոր օրգաններ (թոք, լյարդ և այլն):

 

 

Բուժումն ամորձու արմատական հեռացումն է, երբ ամբողջությամբ հեռացվում են ամորձին, մակամորձին և սերմնալարը: Ուռուցքի առաջացած ստադիաներում հեռացվում են նաև հետորովայնամզային լիմֆատիկ հանգույցները: Կիրառվում է նաև քիմիա- և ճառագայթային բուժում:

 

Հետվիրահատական շրջանում հարկավոր է հիվանդին հսկել, պարբերաբար կատարել կրծքավանդակի ռենտգենաբանական և լաբորատոր (օնկոմարկերներ) քննություններ, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիա: