Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը

2021/07/23


Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար։ Կենսաբանական առումով տղամարդու սեռակարողությունը որոշվում է ամորձիների զարգացմամբ և սերմի լիարժեքությամբ, թեև տղամարդիկ երբեմն այլ կերպ են մտածում ու առանձնահատուկ կարևորում առնանդամի մեծությունը։

 

Հնուց ի վեր Ֆալոսի պաշտամունքը համարվում էր արիության և ուժի խորհրդանիշ։ Այդ մասին տեղեկություններ և արձանագրություններ կան տարբեր հուշարձաններում և ծիսակատարություններում։ Այդ պաշտամունքի արձագանքները հասել են մինչև մեր օրերը, երբ տղամարդկանց մեծ մասի համար գլխավոր արժանիք է մեծ առնանդամ ունենալը։ Մյուս կողմից էլ այս կարծիքը տղամարդկանց մի մասի մոտ ստեղծում է անլիարժեքության հոգեբանական բարդույթ` կապված առնանդամի փոքր լինելու հետ, որի պատճառով նրանք չափը մեծացնելու համար որոնում են միջոցներ։

 

Ըստ կատարված հետազոտությունների, տղամարդիկ, ովքեր հավատում  են, որ իրենց առնանդամի չափը շատ փոքր է, ավելի քիչ են մերկանում զուգընկերների առջև, թաքցնում են առնանդամը սեքսի ժամանակ և իրենց ոչ գրավիչ են համարում: Մյուս կողմից, այն տղամարդիկ, ովքեր կարծում են, որ մեծ առնանդամ ունեն, իրենց ավելի ինքնավստահ ու գրավիչ են համարում: Իսկ կանանց գերակշիռ մասը սովորաբար գոհ է իր զուգընկերոջ առնանդամի չափից: Այնպես որ, իրականում առնանդամի չափերի խնդիրը ավելի շատ տղամարդու «ուղեղի»ի խնդիրն է, և ոչ թե կանանց։ Չնայած երբեմն որոշ կանայք կարող են տղամարդու մտատանջությունների և թերագնահատման պատճառ դառնալ, երբ առաջինը իրենք են ակնարկում զուգընկերոջ անդամի փոքր չափերի մասին։

 

Առնանդամի մեծությունը տատանվում է և պայմանավորված է տարբեր գործոններով (ֆիզիկական, հոգեբանական, մարմնի ջերմաստիճանի և այլն)։ Գեր մարդկանց առնանդամի չափերը խափուսիկ են, քանի որ ճարպերը հաճախ «թաքցնում» են առնանդամը։ Սակայն, ֆիզիոլոգիական առումով, առնանդամի մեծությունը շատ մեծ նշանակություն չունի սեռական բավարարվածության համար, ավելի կարևոր է սեռական հարաբերության տեխնիկան և ճիշտ դիրքի ընտրությունը։

 

Կլինիկական հետազոտությունները վկայում են նաև, որ զույգերի աններդաշնակության պատճառը ոչ թե հեշտոցի համեմատ առնանդամի փոքր չափերն են, այլ նեղ հեշտոցի համեմատ առնանդամի մեծ չափերը։

 

Ամփոփելով՝

 

Տղամարդիկ, եղե՛ք ինքնավստահ ու հիշե՛ք, որ.

 

• առնանդամի չափը նշանակություն չունի ձեր ցանկալիության կամ սեռակարողության համար,
• առնանդամի չափից կախված չէ հաճույք տալու կամ ստանալու կարողությունը,
• առնանդամի մեծը պարտադիր չէ, որ ավելի լավը լինի, իսկ փոքրը՝ վատ,
• մարդկանց նախապատվությունը տարբեր է, յուրաքանչյուրն իր անհատական ընկալումն ունի չափի մասին: