Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության

2019/09/23

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է ծալում ոտքն այդ հոդում և սկսում է կաղալ։ Այսինքն, խանգարվում է բորբոքված հոդի ֆունկցիան։ Այն, որ բորբոքված օրգանի ֆունկցիան խանգարվում է, նկատել է դեռևս հին հռոմեացի բժիշկ Գալենը։


Ինչպես մարդկային օրգանիզմի ցանկացած գեղձի, այնպես էլ շագանակագեղձի հիմնական ֆունկցիան արտազատուկի՝ կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող հեղուկի, արտադրությունն է։
Շագանակագեղձի արտազատուկի ծավալի մինչև մեկ երրորդ մասը կազմում է սերմնահեղուկը։ Նրա հիմնական խնդիրը սպերմատոզոիդների շարժունակության ապահովումն է` վերջիններիս հեշտոցի մեջ հայտնվելուց հետո։
Շագանակագեղձի արտազատուկն այն միջավայրն է, որտեղ ապրում են սպերմատոզոիդները` մինչև արգանդի վզիկ հասնելը: Այն պաշտպանում է սպերմատոզոիդներին կնոջ հեշտոցի ագրեսիվ միջավայրից, ապահովում է անհրաժեշտ սննդարար նյութերով, ինչպես նաև նպաստում է ձվաբջջի մեջ սպերմատոզոիդի ներթափանցմանը:


Արտազատուկի մեծ մասը կազմում է ջուրը` որպես ֆիզիոլոգիական ռեակցիաների համար հիմնական միջավայր և անհրաժեշտ է սպերմատոզոիդների ակտիվացման ու շարժման համար: Շարժման համար էներգիան սպերմատոզոիդներն, առաջին հերթին, ստանում են սերմնաբշտերի արտազատուկում պարունակվող ֆրուկտոզայից:  


Շագանակագեղձի արտազատուկում պարունակում է նաև էլեկտրոլիտներ (կալիում, նատրիում, կալցիում, քլորիդներ և ֆոսֆատներ): Որպեսզի սպերմատոզոիդները չքայքայվեն, անհրաժեշտ է վերջիններիս օպտիմալ խտության պահպանում սերմնահեղուկում:  Կալցիումը մասնակցում է սպերմատոզոիդների ակտիվացմանը. նրա ազդեցությամբ սպերմատոզոիդները շարժուն են դառնում: Բացի այդ, այն նպաստում է ակրոսոմալ ռեակցիային, որն իրենից ներկայացնում է սպերմատոզոիդի գլխիկի վրա գտնվող հատուկ ռեզերվուարից ֆերմենտների արտազատում, ինչը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը` ձվաբջիջ:   


Շագանակագեղձի արտազատուկում առկա ֆերմենտները (թթու ֆոսֆատազա, հիալուրոնիդազա, ֆիբրինոլիզին և ֆիբրոկինազա), ակտիվացումից հետո, որին մասնակցում են կիտրոնաթթուն և էլեկտրոլիտները, ապահովում են սերմնահեղուկի ջրիկացումը, որն անհրաժեշտ է սպերմատոզոիդների շարժման համար:

 
Հեշտոցում թթու միջավայր է, որտեղ սպերմատոզոիդները ոչնչանում են: Վերջիններիս պաշտպանելու համար շագանակագեղձի արտազատուկում առկա է բիկարբոնատ, որն այն չեզոքացնում է:


Հեշտոցի թթու միջավայրի չեզոքացմանը մասնակցում են նաև շագանակագեղձի արտազատուկում առկա լեցիտինային հատիկները (կամ, ինչպես դրանց նաև անվանում են, լիպոիդային մարմնիկները): Այն ֆոսֆոլիպիդների, ճարպաթթուների և խոլինի ամբողջությունն է: Դրանք նաև իրականացնում են սերմնահեղուկի էմուլգատորի դեր և ապահովում են սպերմատոզոիդի արագ կապը ձվաբջջի հետ: Քրոնիկական պրոստատիտի դեպքում լեցիտինային հատիկների քանակը զգալիորեն իջնում է:


Նմանատիպ դեր ունեն նաև շագանակագեղձի արտազատուկում պարունակվող ամինաթթուները (գլուտիմանաթթու, սերին, լիզին, հիստիդին, լեյցին, ասպարգինաթթու, գլիցին և թիրոզին), ինչպես նաև սպերմիդինի և սպերմինի պոլիամինները:  Վերջիններս նաև կայունացնում են սպերմատոզոիդների ԴՆԹ-ն: Սպերմինն առաջանում է արգինին ամինաթթվի մասնակցությամբ:  


Շագանակագեղձի արտազատուկում պարունակվող խոլեսթերինը, որը ծածկում է սպերմատոզոիդների ցիտոպլազմատիկ թաղանթը, կանխում է կապացիտացիայի վաղաժամ զարգացումը, այսինքն, սպերմատոզոիդի կողմից ձվաբջիջ ներթափանցելու ունակության ձեռք բերումը:


Բացի այդ, շագանակագեղձի արտազատուկը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, որն օժտված է հակամիկրոբային ազդեցությամբ և անհրաժեշտ է սպերմատոզոիդների նորմալ կենսագործունեության համար, ինչպես նաև պրոստագլանդիններ, որոնք ապահովում են սեռական ուղիների հարթ մկանների կծկողական ֆունկցիան: Շագանակագեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ նրա արտազատուկում ցինկի պարունակությունը զգալիորեն նվազում է:


Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցված է, որ շագանակագեղձում քրոնիկական բորբոքային գործընթացի առկայությունը բերում է սպերմատոզոիդների շարժունակության նվազման, վերջիններիս նորմալ ձևերի քանակության նվազման, ֆրագմենտավորված ԴՆԹ-ով սպերմատոզոիդների քանակի ավելացման: Դա կապված է շագանակագեղձի արտազատուկի արտադրության խանգարման հետ, վերջինիս կենսաքիմիական բաղադրության փոփոխության հետ, ինչպես նաև նրանում բորբոքային նյութերի առաջացման հետ, որոնք թունավոր են սպերմատոզոիդների համար, ինչն արդյունքում բերում է ֆերտիլության (այսինքն, բեղմնավորման հնարավորության) վատացման:


Քրոնիկական պրոստատիտի բուժման դեպքում, բացի բորբոքման պատճառների վերացումը, անհրաժեշտ է նաև իրականացնել սերմնահեղուկի բաղադրության շտկում: