Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ

2019/12/11

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք, որոնք հեշտությամբ վերահսկման են ենթակա: Ստորեւ մի շարք տեղեկություններ ենք ներկայացնում, որոնց մասին, Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող քաղցկեղի կենտրոնի ուռուցքաբան եւ բժշկական տնօրեն դոկտոր Սեմ Աբրաքսիայի համոզմամբ, յուրաքանչյուր ընթերցող պետք է իմանա:

 
Տարիքի հետ հիվանդության առաջացման ռիսկային աճ է նկատվում: Եվ, չնայած հիշյալ հանգամանքին, շագանակագեղձի քաղցկեղը բոլորովին էլ «ծեր մարդկանց հիվանդություն» չէ: Ախտորոշվածների 35%-ը 65-ից ցածր տարիքային խմբում են:

Ընտանեկան պատմությունը մեծ դերակատարում ունի: Թեեւ այս գործոնը ամենեւին էլ վերահսկան ենթակա չէ, բայց հավելյալ ռիսկի առկայության մասին տեղեկացվածության պարագայում կարելի է առավել խոցելի օրգանի նկատմամբ հատուկ ուշադիր լինել: Խոսքը, մասնավորապես, կանոնավոր բնույթ կրող բժշկական հետազոտություններին է վերաբերում: Այդուհանդերձ, նախքան հետազոտության դիմելը լավ կլինի մասնագետի հետ դրանց առավելություններն ու թերությունները քննարկել: Աֆրոամերիկացիների եւ հիվանդության ընտանեկան պատմություն ունեցողների համար բժշկական ուշադրության կարիքը կարող է առավել վաղ տարիքում ծագել:

Ի՞նչ անել՝ ռիսկը նվազեցնելու համար:

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը միտված հետեւյալ 3 միջոցառումները կարող ենք առաջարկել.

Առողջ սննդակարգ պահպանե՛ք. հարկավոր է, նախ եւ առաջ, սննդամթերքի՝ նատրիումով, հագեցած ճարպերով, խոլեսթերինով եւ վերամշակված շաքարով հարուստ տեսակներից խուսափել, որոնք կարող են շագանակագեղձի քաղցկեղի առաջացում խթանել: Փոխարենը նախապատվությունը օմեգա-3 ճարպաթթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդատեսակներին (սաղմոն, նուշ), մոնոչհագեցած ճարպաթթուներին (ձիթապտղի յուղ, գետնանուշ), ինչպես նաեւ մրգերին, բանջարեղենին ու սննդամթերքի անմշակ տեսակներին տվեք: Ճիշտ սննդակարգն ինքնին չի կարող շագանակագեղձի առաջացման ռիսկի նվազեցման հանգեցնել, բայց կարող է անհրաժեշտ կշռի եւ ընդհանուր առողջության պահպանման միջոց ծառայել:

Ակտիվ եղե՛ք. շաբաթական 75 րոպե ծանր, կամ 150 րոպե՝ միջին բարդության ֆիզիկական վարժություններ իրականացրե՛ք: Խոսքը, մասնավորապես, զբոսանքին, լողին, հեծանվավազքին կամ բժշկի կողմից նշանակված ֆիզիկական վարժությունների այլ տեսակներին է վերաբերում:

Հետազոտություն անցե՛ք. տարբեր փորձագիտական մարմինների գնահատմամբ, 50-70 տարեկան յուրաքանչյուր առողջ տղամարդ պետք է մեկ կամ երկու տարին մեկ շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտություն անցնի, թեեւ 45-49 տարեկանների պարագայում էլ նման պրակտիկան չէր խանգարի: